Բացառիկ լուսավորություն, 8 համերգ, տոնավաճառ, զարդարանքներ՝ մայրաքաղաքը պատրաստվում է տոներին: Տոնական լուսավորությունը կմիացնեն դեկտեմբերի 5-ին՝ «Մանկական Եվրատեսիլ» միջոցառման մեկնարկի օրը: Այդպես կսկսեն տոնական միջոցառումները, որոնք կտևեն մինչև հունվարի 6-ը: Միայն Երևանի կենտրոնը չէ, որ լուսավոր ու զարդարված կլինի, աշխատանքները բոլոր վարչական շրջաններում են իրականացվում:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Տոնական միջոցառումներ ծրագրով մենք ընդգծում ենք Երևանի հատուկ դերը՝ ապահովելու ամանորյա տոնական վարակիչ մթնոլորտը ողջ երկրում:
Տոնական միջոցառումների բաղկացուցիչ մաս է լինելու ամանորյա տոնավաճառը, որն ավելի քան 40 տաղավար է ունենալու: Դրան կմասնակցեն նաև սոցիալական նախաձեռնություններ ու բարեգործական հիմնադրամներ: Տաղավարները տնտեսվարողներին տրամադրվում են աճուրդային կարգով:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ) - Մասնակցությունը բավական բարձր է, արդեն իսկ 30 տնտեսվարող սկսել է տաղավարների զբաղեցման պրոցեսը, որ դեկտեմբերի 5-ից սկսեն գործունեությունը: Երկու տեսակի տնակ ունենք՝ 5 քառակուսի և 6 քառակուսի, 236 հազար մեկնարկային գինը, քանի որ աճուրդ է, կարող է բարձրանալ, և մյուսը՝ 280 հազար դրամ:
Աճուրդի արդյունքում տնակներից մեկն անգամ 600 հազար դրամով է տրամադրվել: Դեկտեմբերի 9-ից սկսած 7 համերգ է կազմակերպվելու, իսկ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, գալա համերգ կլինի: Տոնական միջոցառումների կազմակերպման համար քաղաքային իշխանությունը կծախսի 285 միլիոն դրամ:
Գոշ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ) - Սուրբ Ծննդյան տոնավաճառի դեկորացիայի և գեղարվեստական լուսավորության մասով կծախսվի 115 մլն, ինչպես նաև համերգների հետ կապված և նաև տեխնիկայի հետ կապված՝ շուրջ 60 մլն դրամ, տոնական համերգի համար կծախսվի 75 մլն դրամ, վերգետնյա կամուրջը, որ այս տարի կրկին տեղադրված է, կծախսվի 6.6 մլն դրամ, տնակների վերականգնման, պատրաստման, ապամոնտաժման համար կծախսվի շուրջ 26 մլն դրամ:
ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՇԵՆՔԵՐԸ ՎՆԱՍՎԵԼՈՒՆ
Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև մեղադրանքներին, թե քաղաքն ու պատմամշակութային շենքերը վնասվել են զարդարման հետևանքով: Վստահեցրեց՝ քաղաքը չեն վնասել և չեն վնասելու:
Տիգրան Ավինյան - Այն թեմաները, որոնք շրջանառվում են, այն նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ՝ մետաղյա ձողերը զարդանախշի մեջ, մեզ հետ կապ չունեն։ Այո՛, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել, և այդ վնասները նույնպես այս ընթացքում արձանագրել ենք, գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ այդ հարցերին: Մենք իրական վնասին, որ այդ շենքերին հասցվել է՝ նախկինում, անպայմանորեն նույնպես անդրադառնալու ենք:
Քննարկմանը միացավ մյուս փոխքաղաքապետը, իր հերթին վստահեցրեց՝ հետևանքները վերացնելու են, նվազագույն միջամտություն է եղել, որն անհրաժեշտ էր զարդարելու համար:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Էն, որ զարդանախշերին կոնկրետ չի կարելի, դրա վրա որևէ բան ամրացնել, դա բազմիցս կապալառուի հետ քննարկվել ա ու նշվել ա, ի վերջո, հենց էդ զարդանախշերն են, որոնք պայմանավորում են շենքերի պատմամշակութային արժեք լինելը:
Քննարկվեց նաև քաղաքը զարդարող ընկերության՝ «Սինեմարտի» ընտրությունը: Ինչո՞ւ մրցույթ չի եղել, այլ կատարվել է մեկ անձից գնում. Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ անհրաժեշտ էր տոնական միջոցառումները անցկացնել «Եվրատեսիլի» հետ համատեղ, հրատապության հարց էր առաջացել, իսկ մշակութային միջոցառումների համար օրենքը թույլ է տալիս մեկ անձից գնում կատարել:
Սուրեն Գրիգորյան - Ինչո՞ւ «Սինեմարտ» ընկերությունը, որովհետև այդ ընկերության հետ մեր բանակցությունների ընթացքում եղել են նաև այլ բանակցություններ այլ ընկերությունների հետ, նշել է, և մենք այդ հանգամանքը կարևորել ենք, որ ներգրավելու է մասնագետներ այլ երկրներից, մասնավորապես, Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այս մասշտաբի լուսավորություն է իրականացվում։ Մեզ համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, որոնք դրա փորձը ունեն, որպեսզի դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև անվտանգ:
Փոխքաղաքապետները հիշեցնում են՝ այս զարդարանքն ու միջոցառումները բոլորի համար են, ըստ նրանց՝ այս պահին դրա կարիքը մեր քաղաքացիները շատ ունեն: