ԲԱՅԴԵՆԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՄԱԿՐՈՆԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելու ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ավելի քան 200-ամյա պատմությունը: Ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի արտադրության արտադրանքի հանդեպ ամերիկյան նոր սուբսիդիաների հարցը, որը տարակարծություններ է առաջացրել Եվրոպայում:
Սա Մակրոնի առաջին պետական այցն է՝ 2021 թվականին Բայդենի ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: Լրագրողի հարցին, թե ինչու է Սպիտակ տան ղեկավարն ընտրել Մակրոնին՝ որպես առաջին պետական այց կատարող ղեկավարի, Բայդենը պատասխանել է. «Որովհետև նա իմ ընկերն է»:
Օվալաձև սենյակում հանդիպումից առաջ Բայդենը խոսել է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների երկարամյա բարեկամության մասին և ընդգծել թեմաները, որոնք նա նախատեսում է քննարկել Մակրոնի հետ, այդ թվում՝ պաշտպանությունն ու առևտուրը։
Մակրոնը քննարկել է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները, և թե ինչպես է նա ծրագրում նվազագույնի հասցնել «դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը տնտեսությունների վրա»։
ԲԱՅԴԵՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, եթե նա շահագրգռված լինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ գրում է Reuters-ը: Հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն, Բայդենի խոսքով, նման շահագրգռվածություն, Կրեմլի ղեկավարը չի ցուցաբերել: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ բանակցությունը տեղի կունենա միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո: Բայդենը նաև ընդգծել է, որ մոտ ապագայում չի ծրագրում հանդիպել Պուտինի հետ: Ըստ The Washington Post թերթի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն մասնավոր կերպով կոչ է անում բաց լինել Ռուսաստանի հետ երկխոսությանը:
Կրեմլն արձագանքել է Բայդենի հայտարարությանը: Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի ճանաչել նոր տարածքների միացումը Ռուսաստանին, ընդհանուր հայտարարի գալը շատ բարդ կլինի: Սակայն, ըստ նրա, Դաշնության նախագահը միշտ պատրաստ է բանակցությունների՝ Մոսկվայի շահերի ապահովման նպատակով: «Բայդենն ասել է, որ բանակցությունը հնարավոր կլինի, միայն եթե Ռուսաստանը զորքը դուրս բերի Ուկրաինայից, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են»,- եզրափակել է Պեսկովը:
ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս հնարավոր են: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է երկու կողմի համար էլ ընդունելի լինի: Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ ոչ ոք չպետք է խաղաղություն պարտադրի Կիևին:
Անկարան նույնպես իրատեսական է համարում Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելու տարբերակը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի համոզմամբ՝ դրա համար պետք է, որ դիվանագիտությանը հնարավորություն տրվի:
«Իհարկե, դա պետք է արդար խաղաղություն լինի Կիևի համար»,- հավելել է թուրք դիվանագետը։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կշարունակի ակտիվորեն աջակցել ԵԱՀԿ-ին, քանի որ նմանատիպ այլ ներառական հարթակ չկա:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 350 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ. ՄԱԼՊԱՍ
Համաշխարհային բանկի նախագահ Դեվիդ Մալպասը գնահատել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտից հետո։ Նա կարծում է, որ այդ նպատակների համար կծախսվի 350 միլիարդ դոլարից ավելի գումար։ «Ենթադրում եմ, որ վերականգնման արժեքի նախնական գնահատումը՝ 350 մլրդ դոլարը, կարող է զգալի ավելանալ»,- հայտարարել է բանկի ղեկավարը: Նա ընդգծել է, որ ծախսերի հիմնական մասը կօգտագործվի երկրի էներգահամակարգի վերականգնման համար:
Մալպասը հերքել է այն պնդումները, թե Ուկրաինայի դաշնակիցները հոգնել են Կիևին անընդհատ միջոցներ հատկացնելուց՝ նշելով, որ օգնությունը շարունակվում է։
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՉԻ ՎՆԱՍԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ. ԱՔԱՐ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ԱՄՆ-ին կոչ է արել ըմբռնումով վերաբերվել Սիրիայում Անկարայի հնարավոր ռազմական գործողությանը։ Կոչը հնչել է, երբ Վաշինգտոնը քննադատել է թուրքական իշխանություններին ռազմական գործողությունների նախապատրաստվելու համար։
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նախարարը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ։ Զրույցի ընթացքում Աքարն ընդգծել է, որ գործողությունների միակ թիրախը ահաբեկիչներն են, և թուրք զինվորականները չեն վնասի կոալիցիոն ուժերին կամ խաղաղ բնակչությանը։ Al Jazeera-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիան վերջնաժամկետ է ներկայացրել «Սիրիայի դեմոկրատական ուժերին»՝ Հալեպ նահանգում գտնվող Թել Ռիֆաթ, Մանբիջ և Այն ալ Արաբ քաղաքներից դուրս գալու համար:
ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ
Լիբանանի օրենսդիրները դարձյալ չեն կարողացել նախագահ ընտրել այդ հարցին նվիրված՝ խորհրդարանի նաև ութերորդ նստաշրջանում: Քվեարկության արդյունքները հետևյալն են. պատգամավոր Միշել Մովաբադը ստացել է 37 ձայն: 52 քվեաթերթիկ համարվել է անվավեր, Էսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 9 պատգամավոր: Նախագահի թեկնածուն քվեարկության առաջին փուլում պետք է ստանա 128 պատգամավորի ձայների երկու երրորդը։
Նստաշրջանի ավարտին խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հայտարարել է, որ հաջորդ հինգշաբթի խորհրդարանը նորից կհավաքվի նախագահի ընտրության համար: