ԲԱՅԴԵՆԸ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՄԱԿՐՈՆԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելու ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների ավելի քան 200-ամյա պատմությունը: Ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի արտադրության արտադրանքի հանդեպ ամերիկյան նոր սուբսիդիաների հարցը, որը տարակարծություններ է առաջացրել Եվրոպայում:
Սա Մակրոնի առաջին պետական այցն է՝ 2021 թվականին Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: Լրագրողի հարցին, թե ինչու է Սպիտակ տան ղեկավարն ընտրել Մակրոնին՝ որպես առաջին պետական այց կատարող ղեկավարի, Բայդենը պատասխանել է. «Որովհետև նա իմ ընկերն է»:
Օվալաձև սենյակում հանդիպումից առաջ Բայդենը խոսել է Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների երկարամյա բարեկամության մասին և ընդգծել թեմաները, որոնք նա նախատեսում է քննարկել Մակրոնի հետ, այդ թվում՝ պաշտպանությունն ու առևտուրը։
Մակրոնը քննարկել է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները, և թե ինչպես է նա ծրագրում նվազագույնի հասցնել «դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը տնտեսությունների վրա»։
ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս հնարավոր են: Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է երկու կողմի համար էլ ընդունելի լինի: Մակրոնը նաև համոզմունք է հայտնել, որ ոչ ոք չպետք է խաղաղություն պարտադրի Կիևին:
Անկարան նույնպես իրատեսական է համարում Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելու տարբերակը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի համոզմամբ՝ դրա համար պետք է, որ դիվանագիտությանը հնարավորություն տրվի:
«Իհարկե, դա պետք է արդար խաղաղություն լինի Կիևի համար»,- հավելել է թուրք դիվանագետը։
Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կշարունակի ակտիվորեն աջակցել ԵԱՀԿ-ին, քանի որ նմանատիպ այլ ներառական հարթակ չկա:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար Մուհամմադ Ամջադ Խան Նիազին։
Կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ շփումների զարգացման հեռանկարները։
Ադրբեջանի ՊՆ տվյալով՝ ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ռազմական գործակցությունը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ:
ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԳՆԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Եվրամիության կառավարությունները նախնական համաձայնության են եկել ռուսական նավթի մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանաչափի շուրջ։ Հունվարից այն կվերանայվի երկու ամիսը մեկ` հայտնում է Reuters-ը։
ԵՄ երկրներին արված առաջարկի համաձայն՝ յուրաքանչյուր վերանայման ժամանակ նոր սահմանաչափը պետք է առնվազն 5%-ով ցածր լինի ռուսական նավթի և նավթամթերքների միջին շուկայական գնից։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առավելագույն շեմի սահմանումը համարել է հակաշուկայական քայլ: Նա նաև հիշեցրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ Ռուսաստանը նավթ չի մատակարարի սահմանաչափի հաստատման դեպքում: