Դեկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ներկա է եղել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 51-րդ տարեդարձի միջոցառմանը։
Շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի առթիվ՝ փոխվարչապետը գոհունակությամբ նկատել է, որ վերջին երկուսուկես տասնամյակի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցություն։
Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է երկկողմ հարաբերություններում առկա զարգացման մեծ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի գործադրմամբ հնարավոր կլինի էլ ավելի խորացնել և ընդլայնել համագործակցության երկկողմ օրակարգը:
Փոխվարչապետը իր բարձր գնահատանքն է հայտնել Երևանում ԱՄԷ դեսպանությանը այս ուղղությամբ գործադրվող ջանքերի և արգասաբեր գործունեության համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով դեսպանության կողմից Հայաստանի տարբեր շրջաններում իրականացվող սոցիալական ծրագրերի համար:
Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը՝ մաղթելով բարեկամ երկրին հարատև խաղաղություն, բարգավաճում և առաջընթաց։