Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին:
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:
Մելանի Ժոլին կարևորել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և աջակցություն է հայտնել առաքելությանը։