ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան:
Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը: