Այսօր գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Շոլց-Պուտին հեռախոսազրույցը: Նախագահն ու կանցլերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի «տարբեր ասպեկտները»: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Պուտինը «կրկին մանրամասն պարզաբանել է ռազմական գործողությունների վերաբերյալ ՌԴ սկզբունքային մոտեցումները»։
Ռուսաստանի ղեկավարը կոչ է արել Շոլցին «վերանայել իր մոտեցումները»՝ ընդգծելով, որ արևմտյան զենքի մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինային քաղաքական ու ֆինանսական աջակցությունը հանգեցնում են նրան, որ «Կիևը մի կողմ է նետում ցանկացած բանակցային գաղափար»:
Պուտինն ասել է, որ ռուսական հարվածներն «Ուկրաինայի տարածքում որոշակի թիրախների դեմ» հարկադրված պատասխան են ռուսական քաղաքացիական ենթակառուցվածքի, այդ թվում՝ Ղրիմի կամրջի վրա Ուկրաինայի հարձակումներին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ կոչ է արել որքան հնարավոր է շուտ գտնել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծումը, ներառյալ՝ ռուսական զորքերի դուրսբերումն այդ հանրապետության տարածքից: Կանցլերն ընդգծել Է Գերմանիայի վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային, նրա պաշտպանական կարողությունների ապահովման հարցում»:
Երկու ղեկավարները քննարկել են նաև հացահատիկի գործարքի իրականացումը՝ ընդգծելով համաձայնագրերի համալիր կատարման անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է նաև ռուսական արտահանումների համար բոլոր արգելքների վերացում: