Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային և կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաև Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:
Խմբի ղեկավարը կարևորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:
Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը:
«Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասել է Տաթևիկ Գասպարյանը:
Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար:
«Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,- ընդգծել է պատգամավորը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:
Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը և Նարեկ Զեյնալյանը եւս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:
Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը:
Հասմիկ Հակոբյանը կարևորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին և ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:
Ջոն Ինարիտուի խոսքով՝ վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության:
«Հանդուրժելի չէ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցողը, և եվրոպական մի շարք երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,- շեշտել է իսպանացի պատվիրակը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը: