ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական ժառանգության վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Փոլ Ռիչարդ Գալագերի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը շարունակական ջանքեր գործադրել առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի առկա խնդիրները:
Վերահաստատելով խաղաղության օրակարգն առաջ մղելու հայկական կողմի հանձնառությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը արձանագրել է, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ և առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: