Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցված Երևանի համար 135 հիմնական դպրոցն է: Շենքային և գույքային պայմաններով հագեցած դպրոցում սովորում է մոտ 1800 աշակերտ:
Գարեգին Ներսիսյան (Երևանի համար 135 դպրոցի տնօրեն) - Գույքն ամբողջովին նոր է, տրվել է ՀՀ Կառավարության կողմից, մենք էլ ինչ գնում ենք՝ նորն ենք գնում, որ կարողանանք մեր երեխաներին լավագույնով ապահովենք:
Դպրոցը վերակառուցել է ՀՏԶՀ-ն՝ Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով:
Քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության լաբորատորիաներ, մարզադահլիճ՝ բոլորը՝ կահավորված անհրաժեշտ գույքով: Փոխված միջավայրը փոխել է նաև երեխաների տրամադրությունը:
Գարեգին Ներսիսյան - Եթե նախկինում ծնողներն էին ասում, որ երեխաները չեն ուզում դպրոց գալ, հիմա մենք ենք ծնողներին ասում, որ երեխաները չեն ուզում տուն գալ դպրոցից:
Կառավարության առաջնահերթություններից է ոչ միայն դպրոցների շենքային պայմանների բարելավումը, այլև՝ գույքային հագեցվածությունը:
Արթուր Սողոմոնյան (ՀՏԶՀ գործադիր տնօրեն) - Պահանջ է դրվել, որ գործող չափորոշիչներին համապատասխան՝ նախ գնահատվի յուրաքանչյուր դպրոցի կարիք, և ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցնելուց հետո նոր հայտարարենք գույքի ձեռքբերման մրցույթ:
Եթե նախկինում գույքի ձեռքբերման գործընթացը մեկնարկում էր շինարարության ավարտին զուգահեռ, հիմա պայմանները փոխվել են:
Արթուր Սողոմոնյան - Հիմա Կառավարությունը նախապես էդ խնդիրը քննարկել է ու նախապես ֆինանսական միջոցներ է հատկացրել, որ հնարավորություն ընձեռվի շինարարության ավարտին զուգահեռ ավարտել նաև կահավորումը:
Դպրոցի շինարարությունը կհամարվի ավարտված միայն անհրաժեշտ գույքով կահավորվելուց հետո:
Արթուր Սողոմոնյան - Գույքը կլինի այնպիսին, որ բավարարի Կառավարության կողմից առաջադրված կրթական չափորոշիչները:
Այս պահին սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով շինարարության տարբեր փուլերում է գտնվում 23 դպրոց, հաջորդ տարվա առաջին կիսամյակում նախատեսվում է ավարտել մի քանի դպրոցի շինարարություն, 10 դպրոցի գույքի համալրման համար գործադիրը հատկացրել է մոտ 276 մլն դրամ: Լաբորատորիաները ևս կհամալրվեն անհրաժեշտ գույքով։ Նյութերը ձեռք կբերի դպրոցը։