2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է և դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաև, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի համաձայն՝ բազային աշխատավարձը պետք է լինի նվազագույն ամսական անվանական աշխատավարձի 80-110 տոկոսը: «Նույնաբովանդակ գործառույթներ իրականացնող պաշտոնների միջև վարձատրության խզումը որպեսզի շատ չմեծանա, նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկայնություն և մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց համար 2020 թ. սահմանված հավելումները բազային աշխատավարձի բարձրացման չափով նվազեցնել»,- պարզաբանել է Վաչե Քալաշյանը:
ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորների համար սահմանված 80 տոկոս հավելումը կդառնա 70 տոկոս, Հակակոռուպցիոն դատարանի դատավորի դեպքում 70 տոկոսը կդառնա 60, Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորներին և վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների հավելումները 60 տոկոսից կդառնան 55: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և կոմիտեի ծառայողների 100 տոկոսի չափով հավելումը կդառնա 92 տոկոս:
Օրենքն ուժի մեջ է մտնելու 2023 թ. հունվարի 1-ից:
Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի հարցին ի պատասխան՝ Վաչե Քալաշյանը պարզաբանել է, որ բազային և նվազագույն աշխատավարձի աճի տեմպերով պայմանավորված՝ պարբերաբար, գուցե, անհրաժեշտ կլինի անդրադառնալ այս խնդիրներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել է՝ արդարացի վարձատրության, համադրելի պաշտոններ զբաղեցնող անձանց համարժեք վարձատրության և սանդղակների համադրելիության պահպանության սկզբունքներով պայմանավորված է Կառավարությունն այս նախաձեռնությունը ներկայացրել: «Ոչ թե հավելում է սահմանվում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են»,- նշել է նա:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են առաջին ընթերցմամբ և արժանացել հանձնաժողովի հավանությանը: