Գործադիրի որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,342,950.9 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ էլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 959,827.5 հազար դրամ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար 66 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար՝ 122 մլն դրամ, Լոռու մարզին 10 ծրագրի համար՝ 459 մլն դրամ, Կոտայքի մարզին 12 ծրագրի համար՝ 260 մլն դրամ, Վայոց ձորի մարզին 2 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար 152 մլն դրամ:
Երկրորդ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար հատկացնել 114 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 571 մլն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար՝ 146 մլն դրամ, Շիրակի մարզի 3 ծրագրի համար՝ 127 մլն դրամ:
Վարչապետը ներկայացրել է սուբվենցին ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքները:
Մասնավորապես, իրականացվել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Աշտարակ բնակավայրի թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի և համայնքի 24 բնակավայրերի փողոցների, դեպի գերեզմանատուն տանող ճանապարհների ասֆալտապատում, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրի մանկապարտեզի շենքի առաջին հարկի տարածքի վերանորոգում, Արարատի մարզի Արարատ բնակավայրի ոռոգման ցանցի 5000 մ քայքայված խողովակաշարի փոխարինում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս բնակավայրի 710մ երկարությամբ Խ. Ստեփանյան փողոցի ասֆալտապատում, միակողմանի մայթի կառուցում և կահավորում, Լոռու մարզ Բովաձոր բնակավայրի ներհամայնքային 4-րդ փողոցի, 4-րդ փողոցի 1-ին փակուղու, 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, ընդամենը՝ 700մ երկարությամբ ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում, Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում 1700մ երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակներով ոռոգման համակարգի ներքին ցանցի կառուցում և վերանորոգում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին, Հորս, Քարագլուխ,Հերմոն, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի՝ 6780 մ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցում, Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում և այլն:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր:
Արդյունքում կկարգավորվեն բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրները:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 92,929.400 ՀՀ դրամ:
Գումարները կուղղվեն, մասնավորապես՝ Կապան համայնքի Շիկահող բնակավայրում ԱԻՆ հենակետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերմանը, Գորիս համայնքի Ակներ գյուղի N 15 փողոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման և փորձաքննության, Սիսիանի բժշկական կենտրոնի մասնաշենքի վերանորոգման, Կապան համայնքի սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն, Ծավ բնակավայրերի աշխարհազորի զինանոցի կահավորման, Մեղրիի մանկապարտեզի գույքի ձեռք բերման համար: