Աշխատանքային այցով Գյումրիում գտնվող առողջապահության նախարարը «Գյումրի» բժշկական կենտրոնում ծանոթացավ 2022-ին պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքին, նոր ներդրված ծառայությունների որակին։
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Ունեցել ենք ծառայությունների նոր տեսակների ներդրում, և բավական պրոֆեսիոնալ, բարդ սարքավորումներ պահանջող ծառայություններ են, շատ ուրախ եմ, որ այդ որակի ծառայությունը հասանելի է նաև Գյումրիում։ Մեզ համար կարևոր, սկզբունքային մոտեցում է մարզերի առողջապահական համակարգի համաչափ զարգացումը։
Այս տարի «Գյումրի» բժշկական կենտրոնում լիարժեքորեն ներդրվեց կաթվածի պետական ծրագիրը, ստեղծվեց և վերանորոգվեց նոր քիմիաթերապևտիկ բաժանմունքը, իրականացվում են նախկինում անհասանելի ուռուցքային վիրահատական միջամտություններ։ Նախարարի այցի ընթացքում քննարկվեցին նաև բուժհաստատությունների զարգացման ծրագրերը, առաջիկա անելիքները։
Նախարարը և ոլորտի այլ պատասխանատուներ Գյումրի բժշկական կենտրոնին միավորված ծննդատանը և ինֆեկցիոն բաժանմունքում, Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հետևեցին աշխատանքի ընթացքին։ Ի տարբերություն Գյումրու ծննդատան, որտեղ ծնունդների թիվն աճել է, Ավստրիական մոր և մանկան կենտրոնում նվազում է արձանագրվում։
Իսկ ավստրիական հիվանդանոցին կից «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան շինարարական աշխատանքների ընթացքը դանդաղում է, ինչը նախարարը մտահոգիչ համարեց:
Անահիտ Ավանեսյան - Շատ մտահոգիչ է, որ ժամանակային իր պարտավորությունների մեջ բարեգործական հիմնադրամը չի տեղավորվում։ Այո, երկու տարի արագանում, կանգնում է, մենք պետք է որոշում կայացնենք, կտեսնենք` ինչ փուլում է, վերջին փուլով կտեղեկանանք առաջիկա պլանների մասին: Ունենալ Գյումրիում ավարտուն ծառայություն` մեզ համար կարևոր է, տարիներով չենք կարող սպասել։
Պատասխանատուները քննարկեցին նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Նախարարության հետ երկարատև քննարկումներից հետո նախկին Գյուլբենկյան հիվանդանոցի մի հատվածը կառանձնացվի և կհատկացվի Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային, այսինքն` աշխարհագրական առումով տեղափոխում չի լինի, որպեսզի բնակչության մատչելիության խնդիր չառաջանա, և երկրորդ` Գյուլբենկյան հիվանդանոցը իսկապես նպատակային է նման ծառայություններ մատուցելու համար։
Կառավարության 2021 թվականի նոյեմբերի որոշմամբ նախատեսվում է 2021-2026 թթ․ վերակառուցել Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները, Ախուրիկի բժշկական ամբուլատորիան, Պեմզաշենի առողջության կենտրոնը։