Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
Նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ այդ թվում՝ ինքնակամ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ կիսակառույց շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:
«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են: Որպես օրինակ՝ նախարարը նշեց, որ Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ:
«Մենք առաջարկում ենք տուրքի դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Նախատեսում ենք նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինարարության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:
Երևանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր տիպի շենքերի և շինությունների կարգավորումներին, Երևանից դուրս վերաբերելու է բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին, այսինքն՝ բնակելի տները բարձրացված դրույքաչափերի կարգավորումների տակ չեն ընկնի: Սահմանամերձ համայնքներում էլ որևէ փոփոխություն չի լինի»,- նշեց Տիգրան Խաչատրյանը: