Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է մեղմել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները:
Ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների թիվը կազմում է 4,045 ընտանիք։
Նոյեմբերի 23-ի դրությամբ արդեն 2745 ընտանիք ստացել է հավաստագիր և սկսել հիփոթեքային վարկավորման գործընթացը, որի արդյունքում պարզվել է, որ ծրագրի սահմանափակումներն առաջացնում են արհեստական խոչընդոտներ հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացում։
Որոշման արդյունքում հնարավորություն կստեղծվի տեղահանված ընտանիքներին անշարժ գույք վաճառողների առավել լայն շրջանակներից ընտրել և ձեռք բերել անշարժ գույքը:
Ըստ այդմ, մասնավորապես, առաջարկվում է հավաստագրի փոփոխության նպատակով, անհրաժեշտության դեպքում, Լեռնային Ղարաբաղի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկատվության տրամադրման համար վերջնաժամկետը երկարաձգել մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաստագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 20-ից և մինչև նոյեմբերի 15-ը հնարավոր չէ ապահովել բոլոր ընտանիքների հավաստագրերի ստացումը։