Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմամշակութային խոր կապերը և ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը և ընդգծել Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։ Զրուցակիցները նաև ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը երկու երկրները կապող կամուրջներից մեկն է։
Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիա հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական և վարչական ընթացակարգերը։