Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և ամենաարդար ընտրությունները: Այս մասին ԱՄՆ Սենատում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Լին Թրեյսին:
«2020 թ. Հայաստանը բախվեց ամենամեծ փորձությանը, որին ժողովրդավարությունը կարող է դիմակայել, և դա պատերազմն էր: Եվ դրան հաջորդած ամռանը կրկին անցկացրեց ազատ և արդար ընտրություններ: Ինչպես հայերն իրենք ասացին ինձ, նրանք չեն ցանկանում հետքայլ անել, վերադարձնել կոռումպացված ղեկավարներին և ավելի լավ ապագայի են ձգտում»,- նշել է դիվանագետը:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ Թրեյսին նշել է, որ վերջինիս հետ հարաբերություններում որոշ իրողություններ չեն բխում Հայաստանի կարիքներից:
«Այժմ Հայաստանն ու ԱՄՆ-ը բավական կարևոր քննարկումներ են անցկացնում այն մասով, թե մենք ինչպես կարող ենք աջակցել Երևանին, որը շարունակաբար փնտրում է ավելի ժողովրդավարական և անվտանգ ապագա: Հայաստանի համար այժմ բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ կան: Եվ դրանցում Ռուսաստանի դերին մենք պետք է ուշադրություն դարձնենք»,- եզրափակել է Թրեյսին: