Օրեր առաջ տարբեր սոցիալական հարթակներում տարածվում էին նկարներ ու հոլովակներ, թե ինչպես է շահագործվում վնասվածքով ու ոտքերի վրա դժվարությամբ կանգնող ձին: Կենդանասերները գրառումներում զբոսաշրջիկներին հորդորում էին չօգտվել այդ ֆայտոնից: Իր հերթին, ձիու տերն ասում է՝ կենդանուն պահում է հինգ տարի, իսկ ֆայտոնը հունիսից է շահագործում: Նրա հավաստմամբ՝ ձիու վերքի պատճառը եղել է նոր թամբը:
Արտուշ Գևորգյան - Ստեղ ձին լծել ենք, Էդ օրը թազա խամութ էի բերել, էդ խամութով լծել եմ ձին, խամութի վրայից նայել եմ, որ դուս եգած մեխ, փեդ, ասենք՝ որը որ կարա վնասվածք էնե ձիուն, նայել եմ, չի եղել էդ ամեն ինչը, ստեղից լծել, իջել եմ, հասել եմ մինչև Շիրազի ու էդ Աբովյան փողոցի էդ խաչմերուկը: Իջա, տեսա՝ բան էր էրել, մազոլ էր էրել, ըսպես զարգել էր, բան խամութը: Տեսել եմ, որ զարգած էր, իջել եմ արդեն ցածից՝ անասնաբուժարանից, դեղը բերել եմ, քսվել էր:
Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումներից մեկի հիման վրա ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկել նախաքննական մարմին։ Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Արտուշ Գևորգյան - Գործը ընթացքի մեջ է: Ճիշտն ասած, չիդեմ էլ՝ ուր է հասել, մենակ գիտեմ, որ խամութս տարան փորձաքննության:
Արտուշ Գևորգյանը պնդում է՝ նկարների ձին իրենն է, տեսահոլովակինը՝ ոչ:
Արտուշ Գևորգյան - Եթե ուշադիր նայեք վիդեոյի մեջ դաժե Գյումրիում չէ էդիգ, ձիուն ես ինչքան տեսել եմ, իմ կարծիքս կրամ ըսեմ, էդ ձին էլ խոշտանգված ու հյուծված ձի չէր, ձիու ոտների տակ եթե ուշադիր լինիք, ետևի ոտները սլլաց, ձին ինքն իրա բանով թռնի գը, որ կանգնի, եթե հյուծված ձի լիներ, ու ինքը սովածությունից կամ ծարավ էղներ, ըդորից ընգներ, հաստատ ընգներ, ըդպես ընգած կմնար:
ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածը տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում է ենթադրում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Կենդանասերների հավաստմամբ, սակայն, օրենսդրությունը անկատար է, եղած հոդվածի կատարմանն էլ հետևող չկա:
Նարե Արամյան (Բրիտանական «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ) - Պետք է փաստել, որ ՀՀ-ն մինչ օրս չունի ոչ միայն ամբողջական, այլ նաև առանձին կենդանատեսակների խմբավորման տեսանկյունից որևէ իրավական կարգավորում: Մենք պետք է հասկանանք՝ ինչու մինչ օրս, երբ արդեն իսկապես գործում է հին ու բարի խորհրդային տարիներից եկող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դիմաց պատասխանատվության ենթարկելու և առնվազն դա նախատեսելու հոդվածը քրեական օրենսգրքում, որևէ կերպ, որևէ գործողություն և վերջնաարդյունք մենք չունենք:
Ոստիկանությունից «Լուրերի» հարցմանը պատասխանել են՝ վերջին մեկ տարվա ընթացքում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, նրանց շահագործելու, խոշտանգելու և վնասելու վերաբերյալ արձանագրվել է 18 հաղորդում, որից 8-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում: 2021 թ. արձանագրվել է հանցագործության 17 դեպք, 17-ով էլ հարուցվել է քրեական գործ, իսկ 2022 թ.՝ 13 հանցագործության դեպք ու կրկին բոլորի հիմքով հարուցվել են քրեական վարույթներ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան