ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Միացյալ Նահանգների դեսպանների նշանակման վերաբերյալ լսումները:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջադրել է Քրիստինա Քվինին, որը զբաղեցնում է Կիևում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը:
Քրիստինա Քվին (Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու) - Իմ թեկնածության հաստատման դեպքում խոստանում եմ ջանքեր գործադրել Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու համար:
Նա նշել է, որ իր առաջնահերթություններն են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցությունը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիան:
Քվինն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար:
Քրիստինա Քվին - Վաշինգտոնը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փորձում է օգնել կողմերին հասնել խաղաղ, երկարաժամկետ կարգավորման:
Դիվանագետը նաև հավատացրել է, որ կանի հնարավորը՝ նպաստելու Հայաստան-Թուրքիա կարգավորման ներկայիս գործընթացին: Նրա գնահատմամբ՝ կողմերն այդ ճանապարհին որոշակի առաջընթաց են գրանցել:
Քրիստինա Քվին - Պարտավորվում եմ նաև անել հնարավորը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագային աջակցելու ուղղությամբ: Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, որտեղ գտնվում է Միացյալ Նահանգների հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում։
Միջազգային հարաբերությունների հանձնաժողովում լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն արձագանքել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի թեկնածուի ելույթին. «Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «Ցեղասպանություն»,- ասել է Մենենդեսը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Հայաստանն այժմ մեծ դժվարությունների է բախվում:
Ռոբերտ Մենենդես (ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար) - «Մենք Ադրբեջանի հարձակումների ականատեսը եղանք, տեսանք նաև պատերազմական հանցագործությունների տեսանյութեր: Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը իրականացրել է այդ սպանությունները, որպեսզի կարողանանք որոշել, պե՞տք է արդյոք չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ, չեղարկել Ադրբեջանին աջակցությունը: Կարո՞ղ եմ այս հարցում ապավինել Ձեր հանձնառությանը, կառաջնորդե՞ք դեսպանատան ջանքերը՝ փաստագրելու ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայերի դեմ իրականացված ենթադրյալ վայրագությունները:
Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրված Քրիստինա Քվինը, ի պատասխան, նշել է՝ շատ է կարևորում այդ հարցը և կաշխատի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Նա նաև խոստացել է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի կարիքների գնահատման գործընթացին և նրանց համապատասխան աջակցության տրամադրմանը:
Հայաստանին անդրադարձավ նաև Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու, Հայաստանում ԱՄՆ գործող դեսպան Լին Թրեյսին:
Լին Թրեյսի (Ռուսաստանի ԱՄՆ դեսպանի թեկնածու) - Հայ ժողովուրդը 2018 թ. անցկացրեց անկախությունից ի վեր ամենաազատ և արդար ընտրությունները: 2020 թ. Հայաստանը բախվեց ամենամեծ փորձությանը, որին ժողովրդավարությունը կարող է դիմակայել. դա պատերազմն էր: Դրան հաջորդած ամռանը կրկին անցկացվեցին ազատ և արդար ընտրություններ: Ինչպես հայաստանցիներն են ինձ ասել, նրանք չեն ցանկանում հետքայլ կատարել, վերադարձնել կոռումպացված ղեկավարներին, և ձգտում են ավելի լավ ապագայի:
Թրեյսին ընդգծել է, որ այժմ Հայաստանն ու ԱՄՆ-ը բավական կարևոր քննարկումներ են անցկացնում այն մասին, թե ինչպես կարող է Վաշինգտոնն աջակցել Երևանին, որը ցանկանում է ավելի ժողովրդավարական և անվտանգ ապագա ունենալ:
«Հայաստանն այժմ բազմաթիվ անվտանգային մարտահրավերների է բախվում»,- նշել է դեսպան Թրեյսին: Այս մասով ԱՄՆ դեսպանն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի դերակատարմանը՝ ընդգծել՝ այդ հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել:
Դեսպանների հետ հարցուպատասխանից հետո Ռոբերտ Մենենդեսը համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգների դեսպանները, հատկապես հակամարտությունների գոտիներում աշխատող, պետք է հետամուտ լինեն ճշմարտությանը, որպեսզի Վաշինգտոնը հնարավորություն ունենա որոշելու՝ ինչ անել այդ ճշմարտության հետ:
Մենենդեսը եզրափակել է՝ եթե չկա պատասխանատվություն, չի կարող լինել նաև արդարադատություն: