ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կառավարությունը մի քանի անգամ բարձրացնում է շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի չափը: Ֆիննախի մշակած նախագծով կսահմանվի գոտիավորում: Մայրաքաղաքում, օրինակ, 5 հազար քմ շինության համար տեղական տուրքն այլևս 500 հազար դրամ չի լինի՝ մանրամասնեց նախարար Խաչատրյանը՝ բարձրացումը որակելով կիսակառույցների ու անավարտ շինությունների խնդիրների լուծման բանալիներից մեկը:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տասն անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ:
Կարգ ու կանոնով կառուցապատում անելու համար մեկ այլ փոփոխություն էլ կմտի. եթե շինարարությունը սահմանված ժամկետում չավարտվի, ու քաղաքացին դիմի երկրորդ կամ երրորդ անգամ այն երկարաձգելու համար, պետք է վճարի 2-5 անգամ ավելի բարձր տեղական տուրք, քան առաջին անգամ էր:
Տիգրան Խաչատրյան - Երևանում այս փոփոխությունները վերաբերելու են բոլոր տիպի շենքների և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Երևանից դուրս վերաբերելու է բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններ, այսինքն՝ բնակելի տները այս կարգավորումների տակ չեն ընկնի: Եվ երրորդն այն է, որ սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի:
Քաղաքաշինության ոլորտում կարգուկանոն հաստատելը կարևոր է՝ նկատեց վարչապետը, ասաց՝ հանրության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը պետք է հստակ ֆինանսական հետևանքներ ունենա: Առաջին փուլով փոփոխությունը կանեն, կհետևեն իրավիճակին, Փաշինյանը չբացառեց հետագայում ավելի խիստ մեթոդների կիրառումը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շինարարությունը սկսվեց՝ պետք է ավարտվի: Չի կարող էդպես լինել, որ քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոում, կամ մայրուղու վրա կարող է ուղղակի, տենց ցելոֆաններով կամ կիսաշինարարական աղբի մեջ կորած՝ տարածքները պետք է ա տենց հավերժ մնան:
Նախագիծը օրենք դառնալուց հետո գույքահարկ կգանձվի նաև առաջին շինթույլտվության ժամկետի ավարտից հետո, անգամ անավարտ շինության համար: Գույքահարկ կսկսեն վճարել նաև պետական ու համայնքային հողերի վրա ինքնակամ շենք-շինություն ունեցողները, որ մինչև հիմա ազատված էին այդ պարտավորությունից: Կադաստրում այս պահին 18 հազար այդպիսի շինություն է հաշվառված, զգալի մասը՝ հենց համայնքային կամ պետական հողերի վրա՝ քննարկմանը միացավ կոմիտեի ղեկավարը:
Սուրեն Թովմասյան (Կադաստրի կոմիտեի ղեկավար) - Էս կարգավորումով մենք դնում ենք էն կարգավորումը, որ այդ շինությունները ևս կսկսեն հարկվել: Բայց ուզում եմ մի փաստ նշել, որ դա դեռևս չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել և հողը վաճառել ինքնակամ կառուցած սուբյեկտին: Ինքնակամ կառույցները կհարկվեն այնքան ժամանակ, մինչև համայնքի ղեկավարը որոշում կկայացնի օտարելու այդ հողը և ապամոնտաժելու այդ օբյեկտը:
Նիկոլ Փաշինյան - Հիմա մենք դեպքեր ունենք, որ Երևան քաղաքի մի զբոսայգում մեկը բերել ա, մի հատ ժանգոտ բուդկա ա դրել 30-25 տարի առաջ, ու մինչև հիմա մեր պետական մարմինները մի 500-600 կգ թուղթ են գրել էդ ապօրինի կառույցի վերաբերյալ: Շատ կարևոր է, որ մենք էս կարգավորումները անենք, որովհետև, ի վերջո, հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուդկայի նկատմամբ իրավունք ունեցող անհատ շահի, և մենք այստեղ պետք է գնանք այդ թվում քաղաքական որոշումների և այդ հարցը լուծել, և սա շատ կարևոր ա:
1 ՄԼՐԴ 342 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 8 ՄԱՐԶԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Գործադիրն այսօր 1 միլիարդ 342 միլիոն դրամ հատկացրեց 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի ֆինանասավորմանը: Չզեկուցվող հարցերից մեկով էլ այդ նպատակով 960 միլիոն տրամադրեց:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եթե ցանկը նայեք, վերջին շաբաթներին հիմնականում 22 թվականի ծրագրեր են, որ ավարտվում են: Վճարում ենք և եթե ամբողջացնենք, արդեն 22 միլիարդից ավելի անցել է ընդհանուր գումարը, որտեղ Կառավարության մասնաբաժինը 14 միլիարդի մոտ է:
Բազմաբնակարան շենքների բակերի, փողոցների ասֆալտապատում, մանկապարտեզի նորոգում, գազիֆիկացում, լուսավորության անցկացում, ջրամատակարարում, ոռոգման ցանցի թարմացում ու ոչ միայն: Սրանք այն աշխատանքների մի մասն են, որ այս հատկացմամբ արվել են Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Լոռիում, Կոտայքում, Վայոց ձորում ու Տավուշում: Կան նաև ընթացքի մեջ ծրագրեր, որոնց մոտ 10 -20 տոկոսն է մնացել:
Նիկոլ Փաշինյան - Փամբակ համայնքի Լեռանջուր բնակավայրի 4500 մ երկարությամբ կենտրոնական փողոցի լուսավորության համակարգերի կառուցումը և նորոգումը, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրումը. կատարված է աշխատանքների 90 տոկոսը, Լոռու մարզի Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերը: Կատարված է աշխատանքների 90 տոկոսը:
23-ի համար ծրագրերի ներկայացման վերջնաժամկետն էլ դեկտեմբերի 5-ն է, մարզպետարաններից արդեն ստացվում են հայտերը, խոշորների նախագծերի դեպքում ուշացումներ լինում են, բայց նախարարի խոսքով՝ խնդիրներ չեն առաջանա:
Զեկուցվող վերջին հարցով էլ Կառավարությունը հաստատեց՝ 10 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտին, ինչը դրամի արժևորման պայմաններում ընկերություններին կօգնի պահպանել աշխատատեղերը, չկրճատել աշխատավարձը:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Առաջարկում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատանքային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի, ինչպես նաև իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմում է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը:
2021-ԻՆ ՀՀ-ՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 26.5 ՏՈԿՈՍ. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիստի վերջում վարչապետն անդրադարձավ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին: 2021-ին աղքատությունը կազմել է 26.5 տոկոս: 2020-ի համեմատ կա որոշակի նվազում: Ծայրահեղ աղքատության դեպքում 2019 թվականի նկատմամբ 2021-ին ցուցանիշն աճել է 0.1 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 0.8 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է:
Ու մինչև կլինեն ընթացիկ տարվա ցուցանիշները, վարչապետը հանձնարարել է վերլուծել աղքատության կառուցվածքը, որդեգրած գաղափարախոսությամբ մշակել այն հաղթահարելու ռազմավարությունը: Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ շեշտեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական քաղաքականության մեր ռազմավարությունը, որովհետև աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք: Նախ՝ մեր երկրում նվազագույնի է հասել գործազրկությունը, իրենք աշխատող գտնելու պրոբլեմ ունեն:
Նախարարը հաստատեց՝ 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ գործազրկությունը նվազել է 13 տոկոսով: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված է 3260 թափուր աշխատատեղ, վիճակագրական կոմիտեի տվյալով էլ՝ 9800: Մոտ ապագայի վերլուծությունն էլ կա՝ ասաց Մկրտչյանը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Դրանք գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ, մանրածախ առևտրի, ՏՏ, առողջապահական սպասարկման ոլորտներն են: Սա առաջիկա երեք տարիների կանխատեսումն է, որ ունենալու ենք աշխատատեղերի պահանջարկ այս ուղղություններով:
Վարչապետը նկատեց՝ Կառավարության բոլոր ծրագրերը էական նշանակություն են ունենալու 2023-ին 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար:
Նիկոլ Փաշինյան - Հույս ունեմ, որ ցուցանիշները էս տարի ունենք, տնտեսական մյուս տարվա վերջին կպարզվի, որ ի հեճուկս գնաճի՝ մյուս տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ ունենք: Սրա համար ինչն է հիմք տալիս: Առաջինը՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը ու մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը:
Նիստի ավարտին էլ Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց թոշակառուների ու նպաստառուների համար հուլիսի մեկից գործող անկանխիկ առևտրի հետվճարի դինամիկան: Հոկտեմբերին գործարքների ծավալը կազմել է 1 մլրդ 837 միլիոն դրամ, վերադարձը՝ 162 միլիոն: Շահառուների թիվն, ըստ նրա, ավելացել է 10 հազարով, միջին «քեշբեքը»՝ 3000-ական դրամ է: