Ոստիկանությունը շարունակում է ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Նոյեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երեք դեպք:
Նոյեմբերի 22-ին նրանք Գյումրու Աբովյան փողոցում ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել մի երիտասարդի:
Ձերբակալվածը Գյումրու Ղորղանյան փողոցի 20-ամյա բնակիչ էր: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 21,5 սմ երկարությամբ դանակ՝ պատյանով, կաթուցիչ և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված:
Հաջորդ օրը, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրու Ջիվանու փողոցում ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ: Նա Գյումրու Շահինյան փողոցի բնակիչ է: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և կաթուցիչ, իսկ պայուսակում 21 սմ երկարությամբ ծալովի դանակ է եղել:
Նոյեմբերի 23-ին Գյումրու Ռուսթավելու փողոցում պարեկները ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել Գյումրու Շիրակացու փողոցի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ. ըստ երիտասարդի՝ նախատեսված էր մարիխուանա օգտագործելու համար:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: