Օղակների արքան իր ձեռքով բացում է սեփական կիսանդրին` այնտեղ, որտեղ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցն է:
Ալբերտ Ազարյան (oլիմպիական խաղերի եռակի չեմպիոն) - Այս արձանը դնելը շատ մեծ տպավորություն է ինձ համար, իմ հոգու մեջ այ սենց շարված է:
20-րդ դարի լավագույն մարզիկներից մեկի փառահեղ սպորտային ուղին սկսվեց 1952-ին: Այդ տարի Ալբերտ Ազարյանը նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, 1954-ին դարձավ օղակների աշխարհի չեմպիոն: 1956-ը դարձավ մարզիկի առաջին օլիմպիական հաղթանակի տարին: Դարբնի աշակերտից` օլիմպիական բարձունք` Ազարյանի սպորտային ուղին ԿԳՄՍ նախարարն է ներկայացնում:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ալբերտ Ազարյան` երկու օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օղակների արքա: Մինչ այսօր հանրահայտ վարժությունը կատարելուց 66 տարի անց Երկիր մոլորակի բոլոր մարզական մեկնաբանները միաբերան փաստում են Ազարյանի խաչը:
Լեգենդար մարզիկի կիսանդրու տեղադրման մասին որոշումը Երևանի ավագանին կայացրել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Քաղաքապետարանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ այն իր տեղում է: Բրոնզաձույլ արձանի կերտման համար քանդակագործը օգտվել է այն նկարից, որում Ազարյանը երրորդ անգամ է օլիմպիական ոսկի նվաճում:
Գերասիմ Շահվերդյան (քանդակագործ) - Ես պատկերել եմ 28 տարեկանում, երբ դարձավ օլիմպիական չեմպիոն, ուզել եմ, որ ինքը ջահել երևա: Ինձ համար ոնց որ քննություն լինի:
Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի շենքը վթարային վիճակում է: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Ազարյանի անվան նոր մարզադպրոց կառուցել, կենդանի լեգենդը խոստանում է այնտեղ ևս իր արձանը իր ձեռքով բացել: