Արցախի խորհրդարանում քննարկում են 2023 թվականի պետական բյուջեի նախագիծը: Երկրի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն ընդունելուց առաջ գործադիրն արձանագրել է՝ երկրում գրանցվել է 18,2 տոկոս տնտեսական աճ և 199 միլիարդ 6 միլիոն դրամ համախառն ներքին արդյունք:
Նորայր Ավանեսյան (Արցախի ֆինանսների նախարարի տեղակալ) - 9 ամսվա արդյունքներով աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում: Այսպես՝ 10,4 տոկոսային կետն ապահովվել է արդյունաբերության ճյուղի հաշվին, 1,9 տոկոսային կետը` առևտրի և ծառայությունների ճյուղի հաշվին, 0,9 տոկոսը՝ գյուղատնտեսության, անտառային տնտեսություն և ձկնորսություն ճյուղի հաշվին և 0,7 տոկոսը՝ շինարարության ճյուղի հաշվին: Պետական բյուջեի մասին օրենքի ներկայացված նախագծով ծախսերը կազմում են 215 միլիարդ 171 միլիոն դրամ:
Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի ղեկավարի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծն արտացոլում է հետպատերազմյան Արցախի սոցիալական վիճակը:
Արցախի պետական բյուջեի նախագծով պլանավորվում է 49 միլիարդ 850 միլիոն դրամ սեփական եկամուտ, ինչը 2022-ի ցուցանիշը գերազանցում է 4 միլիարդով: Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկը 2023-ի համար կլինի անփոփոխ՝ 144 միլիարդ դրամ:
2020 թվականի ռազմական գործողություններից հետո Արցախում պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը հասցվել են նվազագույնի՝ վստահեցնում են խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում: Բյուջետային քաղաքականությունն իրականացվում է տնտեսումներով: