Կառավարությունն ընդունել է որոշում՝ մարզերում իրականացված շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքում ի հայտ եկած խնդիրներին լուծում տալու, մարզերում բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգը և պայմանները լրամշակելու նպատակով: Կապահովվի տրամադրվող ֆինանսական աջակցության չափի որոշումը, ինչպես նաև անձանց իրավունքների իրացման երաշխավորումը: Արդյունքում՝ փաստացի ԲԳՎ ստացած, սակայն 1 տարվա ժամկետը դեռևս չսպառած անձինք կունենան ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու հնարավորություն:
Որոշման նպատակներից է լուծել 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը ՀՀ մարզերում: Հիմնավորման համաձայն՝ ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակում բնակարանի գնման վկայագրեր է ստացել 270 ընտանիք, որոնցից 205-ը, 2022 թ. օգոստոսի 1-ի դրությամբ, արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ (փաստացի ծախսը կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ)։
Այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: 2022 թ. սկզբից մեկնարկած՝ մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման արդյունքներով՝ ՀՀ 10 մարզում բնակվում է 194 հավակնորդ շահառու ընտանիք։