ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հայկական կողմի հանձնառությունը և բարձր գնահատել այս ուղղությամբ ԵՄ աջակցությունը: Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության հասնելու նպատակով գործադրվող ջանքերը և նպաստում էսկալացիայի հավանականության բարձրացմանը: Շեշտվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիաների հետևանքների վերացման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հունաստանի իր գործընկերոջը: Նիկոս Դենդիասի հետ Արարատ Միրզոյանը քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգային իրավիճակը, շեշտել, որ նոր ագրեսիաների մեծ վտանգ կա: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Նա նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Միրզոյանը հանդիպել է նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լոյի հետ: Գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները` ընդգծելով Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունների ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ իրականացվող ագրեսիաների անընդունելիությունը: Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման և հումանիտար խնդիրների հասցեագրման հրամայականը: Երկուստեք կարևորվել է հրադադարի խստորեն պահպանման անհրաժեշտությունը։
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, շեշտել, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն օրվա ընթացքում հրապարակում էին, թե Լոձում նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում է կայացել: Այս տեղեկությունը չափազանցված է՝ հայտարարեց Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի բացման արարողությունը Արարատ Միրզոյանը, Ավստրիայի գործընկերը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քաղաքավարական կարճ զրույց են ունեցել: Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտեց, որ ըստ այդմ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ-որ պահի՝ հնգակողմ, այնուհետև՝ այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։