Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայ-թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպում:
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդ հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հանրայնացրել էր դեռևս նոյեմբերի սկզբին:
Նա նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը հայկական կողմից ներգրավված են եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների՝ հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում վերաբերելի գերատեսչությունները:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր: Քննարկումները շարունակվելու են»,- ասել է Հունանյանը:
«Քննարկվել են այն աշխատանքները, որոնք իրականացվելու են սահմանների բացման ժամանակ, կամրջի վերանորոգման, սահմանի վերահսկման, անցակետերի հետ կապված հարցեր: Այս առումով կարող ենք ասել, որ գործընթացում դրական տեղաշարժ կա»,- ասել էր Քալընը: