Եվրոպական անվտանգության հարցերով մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակին ստեղծվել է՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում և կարող են ազդակներ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին: Պայմանավորվել ենք աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահությամբ, հետո միացավ Ֆրանսիան։ Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որոնք կողմերը քննարկել են։ Ինչ-որ փուլում՝ 2010-ականների վերջին, Ռուսաստանը դարձավ առաջատար համանախագահ»,- նշել է ՌԴ գլխավոր դիվանագետը։
Նրա խոսքով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի շնորհիվ ձեռք բերվեց հրադադարի մասին պայմանավորվածություն, և այսօր էլ Ռուսաստանը շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:
«Զուգահեռաբար, մենք տեսել ենք այլ խաղացողների որոշակի ջղաձիգ փորձեր՝ մխրճվելու այդ գործընթացների մեջ։ Մենք դրա հետ ոչ մի խնդիր չենք ունեցել։ Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարել է, որ իրենք ոչ մի ձևաչափում չեն համագործակցելու Ռուսաստանի հետ։ Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի կասեցման մասին։
Ուստի երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խումբը, մենք ասում ենք՝ այդ հարցը պետք չէ ուղղել մեզ, այլ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես նաև Ադրբեջանին։ Որովհետև առանց Ադրբեջանի մասնակցության՝ ցանկացած միջնորդական ջանք անիմաստ է»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը փորձում են փոխարինել այդ միջնորդական ջանքերը՝ «մխրճվելով, սեփականաշնորհելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկրների կողմից Ռուսաստանի մասնակցությամբ»։