256 կողմ, և առանց դեմ կամ ձեռնպահ քվեարկողների Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև է ընդունել: Քվեարկության արդյունքերը պատգամավորները հոտնկայս և ծափահարություններով են ողջունել:
Մոտ ժամուկես տևած քննարկման ժամանակ 15 պատգամավոր է ելույթ ունեցել, մանրամասն ներկայացրել հակամարտության էությունը: Խորհրդարանականները միաձայն հայտարարել են՝ քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնի Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կողքին:
Հայաստանի դրոշը պատկերող կրծքանշանով ամբիոնին մոտեցած կառավարող կուսակցության պատգամավոր Անն-Լորանս Պետելը հայտարարել է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ Ադրբեջանը մի քանի ագրեսիա է իրականացրել, օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի քանի տասնյակ կիլոմետր, իսկ հրաձգություններն ու պայթյուններն ամենօրյա բնույթ են կրում:
Անն-Լորանս Պետել (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Լեռնային Ղարաբաղի մի մասի բռնակցումից երկու տարի անց Հայաստանը նույնպես վտանգի մեջ է: Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համար, ինչպես այս բանաձևում է նշվում, պետք է նախևառաջ վերջ դնել Հայաստանի տարածքի օկուպացիային: Բացի դրանից՝ պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը: Հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր պատմությունն ու արժեքները՝ ԱԺ-ն պետք է բարձր աջակցություն և խաղաղության ուղերձ հղի հայությանը. սա պատվի հարց է։ Մեր պարտքն է համախմբվել և ցույց տալ նրանց մեր աջակցությունը: Հայերը հետևում են մեզ՝ Երևանից մինչև Գորիս, Ստեփանակերտից մինչև Վարդենիս ու Կապան:
Ադրբեջանը լրջորեն սպառնում է Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Հայտարարել է պատգամավոր Էմանուել Մանդոնը, ընդգծել՝ այս բանաձևով խորհրդարանականները ցույց են տալիս, որ ցանկանում են իրենց ներդրումն ունենալ այսքան երկար շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
Էմանուել Մանդոն (Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր) - Եվրոպան պետք է միջնորդ լինի, իսկ Ֆրանսիան առավել ևս՝ լինելով Հայաստանի բարեկամ, պարտավոր է հանդես գալ որպես նրա ինքնիշխանության երաշխավոր: Մենք ողջունում ենք Հանրապետության նախագահի նախաձեռնությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը: Դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադբեջանական պետական սահմանի հայկական կողմում առաջին քայլն էր: Մենք կցանկանայինք, որ այդ առաքելությունը երկարաձգվեր:
Ֆրանսիայի ազգային ժողովի իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից ներկայացված բանաձևում, ի թիվս այլ դրույթների, կոչ է արվում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել և հայրենիք վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում կառավարությանն առաջարկում է անհատական պատժամիջոցների հնարավորություն դիտարկել, Ֆրանսիայի Ազգային ժողովի 2020 թվականի 502-րդ բանաձևի դրույթների համաձայն շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով. նշված բանաձևով առաջարկվում էր կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը, նաև՝ դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը: Բացի այդ, միջազգային կազմակերպություններին կոչ է արվում ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևին արձագանքել է Հայաստանի ազգային ժողովի նախագահը, Ալեն Սիմոնյանը ողջունել է Ֆրանսիայի առաջնորդությունը՝ աջակցելու Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության և ագրեսիվ պահվածքի, և շնորհակալություն հայտնել համապատասխան բանաձևի միաձայն ընդունման համար:
Արձագանքել են նաև Բաքվից. Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում նշվում է, որ այդ բանաձևը, որը լի է Ադրբեջանի դեմ կեղծիքով և զրպարտությամբ, Ֆրանսիայի հերթական սադրանքն է Բաքվի դեմ։
Բանաձևի ընդունումից մի քանի ժամ անց Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ երկրի խորհրդարանի պալատների բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական դիրքորոշումը, իսկ իրենք շարունակելու են կողմերին քաջալերել՝ առաջ շարժվելու բանակցություններում և օգտվելու խաղաղության հասնելու հնարավորությունից: