ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով` բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման սկզբունքներն ու մեխանիզմները մշակելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նոր մեխանիզմներ սահմանելու առաջարկությունները։
Հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, խոսել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը միասնական ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտության մասին` շեշտելով, որ այն կնպաստի շրջանավարտների գիտելիքների, հմտությունների և կարողությունների օբյեկտիվ գնահատմանը։
«Մեր նպատակն է ստուգել շրջանավարտի պատրաստվածության մակարդակի համապատասխանությունը տվյալ մասնագիտության կրթական ծրագրով սահմանված նպատակներին և վերջնարդյունքներին, կայացնել որոշում ամփոփիչ ատեստավորման արդյունքներով շրջանավարտին որակավորում շնորհելու կամ չշնորհելու, նրան բարձրագույն կրթության համապատասխան դիպլոմ տալու կամ չտալու վերաբերյալ: Կարևոր է ներկայացնել առաջարկություններ տվյալ ուղղությամբ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման վերաբերյալ։ Այսօր մեր առաջնային խնդիրը բարձրագույն կրթության որակի բարելավումն է, իսկ ամփոփիչ ատեստավորման միջոցով ստուգվում են շրջանավարտի գիտելիքները, հմտությունները և կարողությունները»,- նշել է Կարեն Թռչունյանը։
Քննարկման արդյունքում ամրագրվել է, որ բժշկական կրթական ծրագրեր իրականացնող պետական և ոչ պետական բոլոր բուհերի «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվելու է միասնական սկզբունքով՝ նույն ժամանակահատվածում, նույն վայրում, նույն հարցաշարերով։ Ամփոփիչ ատեստավորումն անցկացվելու է երեք փուլով՝ առարկայական համակարգչային թեստավորում, գործնական ունակությունների գնահատում, բանավոր քննություն:
Նախատեսվում է, որ ատեստավորման առաջին փուլը՝ համակարգչային թեստավորման գործընթացը, կկազմակերպվի մասնագիտացված կառույցի՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կամ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ձևավորած հանձնաժողովի միջոցով՝ բուհերի կողմից համատեղ մշակած հարցաշարերից կազմված թեստերով։
Քննական հարցաշարերը, ինչպես նաև համապատասխան գրականության ցանկը շրջանավարտներին կտրամադրվեն ամփոփիչ ատեստավորումից առնվազն 3 ամիս առաջ։ Հարցաշարերը պետք է համապատասխանեն տվյալ կրթական ծրագրի վերջնարդյունքին միտված առարկայական ծրագրերին:
Քննարկվել են նաև ամփոփիչ ատեստավորման մասնագիտական և բողոքարկման հանձնաժողովներ ստեղծելու, ամփոփիչ ատեստավորման թույլատրված շրջանավարտների ցանկն ամբողջացնելու, առարկայական համակարգչային թեստային քննությունների հարցաշարերը կազմելու, քննությունների անցկացման ժամանակացույցին առնչվող և մի շարք այլ հարցեր։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սեղմ ժամկետում մշակել և հաստատման ներկայացնել «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման մեկ միասնական կանոնակարգի նախագիծ։
Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ձևավորված կարգավորումների առաջարկները կներառվեն 2017 թվականի նոյեմբերի 7-ի N 1282-Ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգում: Նոր կարգավորումները վերաբերելու են նաև օտարերկրացիներին: