Ձևավորումից 10, գործարկումից մոտ 9 ամիս հետո Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը առաջին որոշումը կայացրեց: 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհուրդը կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման համակարգի պահպանման ու դրա բարելավման նախագծին:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք տեսել ենք` թե՛ հեղափոխությունից և թե՛ հատկապես պատերազմից հետո խորհրդարանական կառավարման ձևի` եթե չասեմ արդյունավետությունը, ապա կասեմ` առնվազն ճկունությունը, որը թույլ չի տվել ավելի խոր կատակլիզմների հասնել:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով` խորհրդարանական կառավարման ձևը աշխարհի շատ զարգացած երկրներում համարվում է առավել ժողովրդավարական և մասնակցային: Բացի դրանից՝ ըստ պատգամավորի` վերադառնալ կառավարման նախագահական համակարգի, որի թերություններն ակներև էին, սխալ է:
Վլադիմիր Վարդանյան - Իհարկե, պետք է անկեղծ լինենք, և ես դրա մասին խոսել եմ նաև խորհրդի նիստին, որ որոշակի առումով խորհրդարանական կառավարման ձևը Հայաստանում հաստատվեց արհեստական զարգացումների ու մեխանիզմների միջոցով, որովհետև սովորաբար խորհրդարանական կառավարման ձևը հաստատվում է այն երկրներում, որտեղ կայուն զարգացած կուսակցական համակարգը որոշակի գործողությունների է մղում գործադիրին, որպեսզի վերջինս սահմանափակումների գնա և ընդլայնի խորհրդարանի գործառույթները:
Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը բացեր է տեսնում 2015 թվականին իրականացված սահմանադրական փոփոխություններով հաստատված խորհրդարանական կառավարման ձևում, բայց, միևնույն է, կողմնակից է, որ այն շարունակի գործել և բարելավվել:
Դանիել Իոաննիսյան («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող) - Ըստ էության, խորհրդարանական այս մոդելը դասական խորհրդարանական մոդել չէ, ինչ-որ առումով ոնց որ նախագահական մոդելի միջից հանած լինեն նախագահական ընտրությունները և նախագահի անունը դրած լինեն վարչապետ: Սերժ Սարգսյանը պարզապես հանեց նախագահի ընտրությունը:
Չնայած կառավարման համակարգի վերաբերյալ որոշումը խորհրդի ընդունած դեռևս միակ որոշումն է, Իոաննիսյանը վստահեցնում է՝ շատ հարցեր են քննարկվում, որոշների դեպքում արդեն նախագծեր են շրջանառվում խորհրդում:
Դանիել Իոաննիսյան - Օրինակ, իշխանությունների փոխզսպման մեխանիզմները, դատական համակարգի ձևավորումը, դատական համակարգի կառուցվածքը, օրինակ` ՍԴ-ն առանձին լինի թե առանձին չլինի, օրինակ` այն, թե որ տարիքից քաղաքացիները պետք է կարողանան քվեարկել, օրինակ` այն, թե արդյոք միայն Հայաստանի քաղաքացինե՞րը պետք է կարողանան ընտրվել տարբեր պաշտոնների, թե՞ մենք կարող ենք երկքաղաքացիներին էլ այդ իրավունքը տալ: Մարդու իրավունքների, Զինված ուժերի հետ կապված շատ հարցեր կան:
Խորհրդի գործառույթը ոչ միայն կառավարման համակարգի դեպքում, այլև բոլոր ոլորտներում մեր երկրի համար լավագույն տարբերակը գտնելն է, շեշտում է Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան - Շատ վտանգավոր եմ համարում ցանկացած տեսակի արտագրումները այս կամ այն երկրի սահմանադրական կարգից, որովհետև մենք պետք է հաշվի առնենք նախ սահմանադրական մշակույթի աստիճանը, օրենսդրական մշակույթի աստիճանը, պետք է հասկանանք` ինչ եղանակով է հնարավոր ձևավորել ժողովրդավարական ավանդույթները, որում այս կամ այն համակարգը կարող է գործել:
Խոսել հայեցակարգից, նախագծից և ժամկետներից՝ դեռ վաղ են համարում խորհրդի անդամները, շեշտում են՝ գործընթացն արհեստականորեն արագացնելու փոխարեն ավելի խորքային են մոտենում: Նախատեսում են մինչև տարեվերջ ևս մեկ նիստ անցկացնել: Խորհրդի որոշումները վերջնական չեն, դրանք կվերածվեն նախագծի, որը հնարավոր է` դրվի հանրաքվեի կամ ուղարկվի խորհրդարանի հաստատմանը: