Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում հիմնվելով այդ տվյալների վրա, արձանագրեց, որ 2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս:
«Եթե ցուցանիշը համեմատում ենք 2020 թվականի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նկատեց, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը:
«Այսինքն՝ 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ: 2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նշեց, որ հանձնարարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին աղքատության կառուցվածքը խորը վերլուծելու և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակելու վերաբերյալ:
«Դա պետք է արվի մեր գաղափարաբանության շրջանակներում: Իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, դա իմ համոզմունքն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Այս առումով կարծում եմ, որ պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիակալան ոլորտի մեր քաղաքականությունը: Այսօր աշխատանքի շուկայում մենք աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք: Նախ՝ մեր երկրում պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը: Եվ մենք այսօր անընդհատ մասնավոր հատվածից ստանում ենք այդ ահազանգերը, որ իրենք աշխատող գտնելու խնդիր ունեն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: