Դատավորների գերբեռնվածությունը թեթևացնելու համար նոր օրենսդրական փոփոխություններ են սպասվում: Դեկտեմբերյան փաթեթը, ինչպես այն անվանում են Բարձրագույն դատական խորհրդում, մշակվել է՝ հաշվի առնելով առաջին ձեռքից ստացած առաջարկները: Խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ դատավորներն իրենք են բարձրացրել խնդիրները, առաջին փուլով լուծում կտրվի ամենահրատապ հարցերին:
Երանուհի Թումանյանց (Բարձրագույն դատական խորհրդի անդամ) - Մենք ասում ենք, որ կա վառվող իրավիճակ, և պետք է սա լուծել: Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը իսկապես հասկանում են դա, և վստահ եմ, որ իրենց լուրջ աջակցությունն այս հարցով ունենալու ենք, և վստահորեն կարող եմ ասել, որ բոլոր երեք ճյուղներն էլ անելու են ամեն ինչ, որ լուծեն դատական իշխանության առջև ծառացած այս խնդիրները:
Դատական, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն անցող շաբաթ-կիրակի կայացած դիլիջանյան առաջին աշխատաժողովի ընթացքում, ըստ Թումանյանցի, կենտրոնացել են հիմնականում քրեական արդարադատության խնդիրների վրա: 300 դատավորից ներկա են եղել 120-ը, նրանք, ովքեր գործնականում են կիրառում կես տարի առաջ ընդունված Քրեական ու Քրեական դատավարության օրենսգրքերը: Պրակտիկան որոշ հարցեր է առաջ բերել՝ ասում է ԲԴԽ անդամը, ու հենց դրանք բարելավելու, օպտիմալ դարձնելու համար եղել են հստակ առաջարկներ:
Երանուհի Թումանյանց - Օրինակ՝ առաջարկում էին որոշակի չափով լրացնել արդեն իսկ գործող կարգերը, նաև նախկինում տեղ գտած արագացված վարույթների շրջանակներով, մասնավորապես, մենք հիմա ունենք համաձայնեցման, հաշտության վարույթները, բայց որոնք կարելի է շատ ավելի արագ կազմակերպել և օպտիմալ, եթե ներմուծենք արագացված վարույթը, որը նախկին Քրեական դատավարության օրենսգրքով առկա էր:
Վերաքննիչի դեպքում, օրինակ, դատավորներն առաջարկել են, որոշ գործեր քննել ոչ թե կոլեգիալ կազմով, այլ միանձնյա: Մեկ այլ առաջարկով հնարավոր է վարչական դատավարության մեջ ավելանա հեռավար հարցաքննությունը, փոխարենը հանվի դատավորի կողմից վճիռը պարտադիր ընթերցելու պայմանը, ժամանակ ու էներգիա խնայելու համար այն հրապարակվի Դատալեքսում՝ նշում է Թումանյանցը: Ըստ նրա՝ այս ու մյուս լուծումները, որ շուրջ 60 կետանոց են, կկրճատեն ծանրաբեռնվածությունը, կնպաստեն, որ գործերը տարիներով չմնան դատարաններում: Հաջորդ շաբաթ նույն կազմով կանդրադառնան նաև քաղաքացիական, վարչական ու սնանկության դատավարության հարցերին՝ արդեն մյուս՝ 160 դատավորի մասնակցությամբ: ԲԴԽ անդամը հույս ունի, որ սպասվող փոփոխություններն արդյունք կտան, նախատեսում են փաթեթին օրենքի տեսք տալ մինչև տարեվերջ:
Երանուհի Թումանյանց - Չեմ կարծում, որ այս եկող քառօրյային մենք կհասցնենք քննարկում անենք, մենք հուսով ենք, որ այլ առիթ կլինի, և մենք կկարողանանք այլ առիթով քննարկումներ իրականացնել և արդեն ԱԺ-ում ունենանք արդյունքներ:
Ըստ Թումանյանցի՝ հստակ հաշվարկ չկա, թե որքան կկրճատվի ծանրաբեռնվածությունը, բայց դատավորները 20-30 տոկոսի մասին են նշել: Այս առաջին փուլից հետո արդեն ավելի ընդգրկուն փաթեթ կպատրաստվի, կներկայացվի ապրիլին: ԲԴԽ անդամի խոսքով՝ այն դեռ թղթային տարբերակով չկա, բայց կա դրա հիմքում դրվող հարցերի ցանկը: