«ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» 2-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ 2023-Ի ՄԱՐՏԻՆ
Վաշինգտոնը 2023 թվականի մարտի վերջին կանցկացնի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ավտոկրատական ռեժիմներին դիմակայելու ուղիները։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերի խոսքով՝ գագաթնաժողովին կմիանան նոր մասնակիցներ՝ Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Հարավային Կորեան և Զամբիան։
«Գագաթնաժողովը կհավաքի համաշխարհային առաջնորդներին առցանց ձևաչափով, դրան կհետևեն դեմ առ դեմ հանդիպումներ նախաձեռնության մասնակից երկրներում՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- մանրամասնել է Ժան Պիերը։
«Հանուն ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին: Երկօրյա միջոցառմանը մասնակցել են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Առցանց ձևաչափով հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ադրբեջանը և Թուրքիան հրավիրված երկրների ցանկում չեն եղել:
ՌԴ-Ն ԿՀԶՈՐԱՑՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԻՆԱՆՈՑԸ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան կենտրոնանալու է ռուսական միջուկային ուժերի ենթակառուցվածքային փոփոխությունների և բարելավման վրա: Նա հավելել է, որ 2023 թվականի համար պետական պաշտպանական պատվերի ֆինանսավորումը կավելացվի մեկուկես անգամ։
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿՈՒԼԵԲԱՅԻ ՀԵՏ
Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կդադարի աջակցել Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ակնկալում ենք, որ մեր դաշնակիցներն իրենց հայտարարություններով ահաբեկիչներին զոհի կարգավիճակում չներկայացնեն»,- հավելել է նախարարը:
Չավուշօղլուն հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ, հավատացրել՝ Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում հրադադար հաստատելու ուղղությամբ։
ԵԹԵ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉՀԱՂԹԻ, ՉԻ ԱՆԴԱՄԱԿՑԻ ՆԱՏՕ-ԻՆ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այժմ հրատապ է ապահովել Ուկրաինայի՝ որպես Եվրոպայում ժողովրդավարական ինքնիշխան երկրի հաղթանակը, և ոչ թե քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրի անդամակցության հարցը:
«Եթե Ուկրաինան չհաղթի, անդամակցության մասին խոսք չի լինի»,- նշել է Ենս Ստոլտենբերգը Բուխարեստում դաշինքի արտգործնախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ստոլտենբերգը նաև տեղեկացրել է, որ Դաշինքի անդամները որոշել են նվազեցնել կախվածությունը Չինաստանից։
«Մենք Չինաստանին որպես հակառակորդ չենք դիտարկում, մտադիր ենք շարունակել գործակցությունն այն ոլորտներում, որոնք բխում են մեր շահերից»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Բուխարեստում նախարարները հաստատել են նաև մտադրությունը՝ ուժեղացնելու աջակցությունը Վրաստանին և Մոլդովային:
ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻՆ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինային հասցված վնասը: Նրա խոսքով՝ այդ թիվն արդեն հատում է 600 միլիարդ եվրոն։ Լայենը խոստացել է, որ Ուկրաինայի վերականգնմանը կարող են ծառայել ռուս օլիգարխների և Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թվիթերյան ուղերձում անդրադարձել է նաև Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին, հայտնել՝ Եվրամիության տվյալով՝ ռազմական գործողություններից ի վեր զոհվել է ավելի քան 100 հազար ուկրաինացի զինվորական և 20 հազարից ավելի խաղաղ բնակիչ։
Ավելի ուշ հրապարակումը հեռացվել է սոցիալական հարթակից. փոխարենը տեղադրվել է վերախմբագրված տեսանյութը՝ առանց կորուստների մասին տվյալների: Այնուհետև Եվրահանձնաժողովից հայտնել են, որ Լայենն ուղղակի սխալվել է՝ 100.000-ը ուկրաինական կողմի զոհերի ընդհանուր թիվն է. այն ներառում է թե՛ զինվորականներին, թե՛ խաղաղ բնակիչներին:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է այս հայտարարությանը:
«Մենք չենք կարող հաստատել ֆոն դեր Լայենի խոսքերը: Ուկրաինական բանակի կորուստների թիվը կարող են բարձրաձայնել միայն Գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգի Նիկիֆորովը: