ՊԵԿ նախկին պաշտոնյա, գնդապետ Վահրամ Գուրողլյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գործի նյութերն են: Դատախազությունը պահանջում է գնդապետից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 4 միլիարդ 600 միլիոն դրամին համարժեք գույք և դրամական միջոց:
Դատախազությունը պահանջում է Գուրողլյանից, նրա կնոջից, որդուց, զոքանչից բռնագանձել 18 անշարժ գույք Երևանում, որոնցից 14-ը՝ Հյուսիսային պողոտայում՝ 6 բնակարան, 6 ավտոտնակ, հասարակական նշանակության 2 տարածք, 2 անշարժ գույք Կոտայքի մարզում, 2 տրանսպորտային միջոց, նաև Ավստրիայում գտնվող 2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցների այն մասը, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով: Իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքերի միջին շուկայական արժեքը՝ 1 մլրդ 602 միլիոն դրամ: Հայցում ներկայացված է նաև 175 մլն 650 հազար դրամ բանկային հաշիվների մնացորդ, փոխառության բռնագանձման պահանջ:
Միհրան Բուլղադարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Ինչպես նաև իրավասու մարմինը ներկայացրել է հայցապահանջում 298 միլիոն հազար դրամի չափով պահանջ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 2 միլիարդ 612 միլիոնի չափով դրամական պահանջ՝ որպես ապօրինի ծախս:
Վահրամ Գուրողլյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը հայցադիմումը ամբողջությամբ անհիմն է որակում, նշում՝ մոտ 130 թերթ առարկություն են ներկայացրել:
Գեղամ Հակոբյան (Վահրամ Գուրողլյանի փաստաբան) - Եթե դատախազությունը մի փոքր օբյեկտիվություն ցանկանար ցուցաբերել, երկրորդ տարբերակ չէր կարող դիտարկվել, այլ ձևով չէին կարող գնահատվել: Ամբողջությամբ սուբյեկտիվ իրենց գնահատողական դատողությունը ի չարս գործադրելով, խեղաթյուրված մեկնաբանություններով նրանք դիտարկել են էս ամբողջ գույքի ունեցվածքը ապօրինի, մինչդեռ յուրաքանչյուր գույքի ծագումը փաստաթղթերով հստակ հիմնավորված է:
Հակոբյանի խոսքով՝ իրավասու մարմինը օրինական է համարել Գուրողլյանի ծնողների գույքը, դրա վարձակալությունից և վաճառքից ստացած վճարները, սակայն ըստ նրա՝ դատախազությունը դրանք չի դիտարկել որպես իր վստահորդի եկամուտ:
Գեղամ Հակոբյան - 98 թվականից այդ գույքը տրված է եղել Ամերիկայի դեսպանատանը տարեկան 24 հազար ԱՄՆ դոլար վարձավճարով, դա հիմնական աղբյուրն է հանդիսացել հետագա գույքերի ձեռքբերման: Մի փոքր օբյեկտիվություն ցուցաբերելու պարագայում անառարկելիորեն հիմնավորվում էր յուրաքանչյուր գույքի օրինական ծագումը:
Դատախազը նշում է՝ փաստաբանի ներկայացրած դիրքորոշումը ուսումնասիրվել է, և որոշակի գույքերի օրինականությունը հիմնավորվել է, իսկ հայցապահանջը ներկայացվել է չհիմնավորված գույքերի վերաբերյալ: Վահրամ Գուրողլյանը 1997 թվականից զբաղեցրել է պետական պաշտոններ ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում, մինչև 2015 թվականը եղել է Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության պետը:
Միհրան Բուլղադարյան - Նրա և նրա ընտանիքի անդամների, այսինքն՝ փոխկապակցված անձանց եկամուտները աշխատավարձի տեսքով կազմել են 72 միլիոն դրամ, իհարկե հաշվարկվել են նաև ստացված փոխառություններն ու վարկային միջոցները, սակայն, այնուամենայնիվ, ինչքան էլ փոխառություններ և վարկային միջոցներ, որոշակի գույքեր դարձել են օրինական, ամեն դեպքում 4 միլիարդ 600 միլիոն դրամի մասով չի հիմնավորվել գույքերի պահանջը օրինական եկամուտներով ձեռքբերման պահին:
Վահրամ Գուրողլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց կալանք է դրվել: Գործն այժմ դատաքննության փուլում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան