25 լայնածավալ օրենսդրական, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմի, շրջանառության հարկի համակարգի, լիզինգային և այլ ոլորտներում բարեփոխումները Հայաստանի ներդրումային խորհրդի 15 տարվա գործունեության արդյունքն են:
Հովսեփ Պատվականյան (Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար) - Հայաստանի ներդրումային խորհուրդը ստեղծվել է 15 տարի առաջ Վերակառուցման եվրոպական զարգացման բանկի և Հայաստանի Կառավարության համատեղ գործակցության շրջանակում, որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ: Դրա շրջանակներում ունենք բիզնես ասոցիացիաներ, որոնք խորհրդի անդամ են և բերում են օրենսդրական բնույթի խնդիրներ, իսկ մեր թիմը արդեն Կառավարության հետ միասին փորձում է այդ խնդիրներին լուծումներ տալ:
Բարեփոխումներից վերջինը թերևս բարձր որակավորում ունեցող մասնագետների ինտեգրման ծրագիրն է, որի շրջանակում պետությունը աշխատավարձի մինչև 70 տոկոս փախհատուցում է տրամադրում նման մասնագետներ ներգրավող ընկերություններին: «Լիզինգի մասին» օրենքում էլ ավելացնելով ենթալիզինգ հասկացությունը՝ հնարավոր է դարձել երեք տարվա ընթացքում եռակի ավելացնել լիզինգային գործարքների ծավալը: Հիմա քննարկվում է արտահանողներին հուզող մեկ այլ ցավոտ խնդիր:
Հովսեփ Պատվականյան - Օրինակ՝ կուրսի տատանման հետ կապված արտահանողներին ուղղված մի շարք միջոցառումներ, բայց հիմնականում ածանցյալների շուկաները զարգացնելու տեսանկյունից, որպեսզի իրենց կանխատեսելիությունը՝ մեկ տարվա, երկու տարվա, ավելի հստակ լինի, և կարողանան ավելի գրագետ և ճիշտ կազմակերպել իրենց արտահանումը:
Ներդրումային խորհրդի հետ գործակցությունն արդյունավետ է համարում էկոնոմիկայի նախարարը: Տարվա առաջին կիսամյակում արձանագրված 51 տոկոսով ներդրումների աճը վարվող ներդրումային քաղաքականության արդյունքն է՝ ասում է Վահան Քերոբյանը՝ մեջբերելով բիզնեսի կյանքը հեշտացնելուն ուղղված բազմաթիվ որոշումներից մեկը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Օրինակ՝ կարողացանք փոխել պետական գնումների բանկային երաշխիքներ տրամադրման կարգը, որը, մեր կարծիքով, շատ մեծ տնտեսական էֆեկտ ունեցավ, մի քանի 100 միլիարդ դրամի ռեսուրս ազատվեց և լցվեց շուկա միանգամից:
Մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելը Կառավարության համար առաջնային է՝ ասում է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Հայաստանի Հանրապետության Կառավարության-Խորհրդի հետ համագործակցությամբ մշակված բարեփոխումների պորտֆելը բավականին ծավալուն է: Դրա մաս կազմող շուրջ երկու տասնյակը գերազանցող առանձին նախաձեռնությունները նշանակալի ազդեցություն են ունեցել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու, Հայաստանում ձեռներեցության մշակույթը խթանելու գործում:
Կատարինա Բյորլին Հանսեն (ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի ղեկավար) - Հայաստանն առաջին երկրներից էր, որտեղ ՎԶԵԲ-ը հիմնադրեց Ներդրումային խորհուրդ: Դա կարևոր էր Կառավարության և գործարարների միջև անկեղծ երկխոսության համար: Կարող եմ ասել, որ շատ արդյունավետ գործակցություն ենք ունեցել:
Շուտով կընդունվի նաև Կառավարության և Ներդրումային խորհրդի համատեղ մշակած տեքստիլ արդյունաբերության զարգացման ռազմավարությունը: