ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդի» և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառմանը:
Նախարարը շնորհավորել է Երկրաբանական ֆոնդի և երկրաբանական թանգարանի տնօրինությանը և աշխատակիցներին՝ ընդգծելով այս երկու կառույցների դերը Հայաստանի Հանրապետության երկրաբանության ոլորտում:
«Հանրապետական երկրաբանական ֆոնդն ունի իր կարևոր դերն ինչպես նոր ստացվող, այնպես էլ գրեթե մեկդարյա պատմության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, մշակման, ամփոփման և պահպանման աշխատանքներում։ Այն հաշվառում և պահպանում է ՀՀ ընդերքի մասին երկրաբանական գրեթե ողջ տեղեկատվությունը և մի տեղեկատվական բանկ է, որտեղ պահպանվող նյութերն ունեն կարևոր նշանակություն, հանդիսանում են հանրապետության բացառիկ հարստությունը և դրանց ապահով ու անվտանգ պահպանությունն անհրաժեշտություն և առաջնահերթություն է»,- ասել է նախարար Սանոսյանը՝ ավելացնելով, որ ակնառու է Հայաստանի երկրաբանության պատմության պահպանման և փոխանցման գործում երկրաբանական թանգարանի դերը, որը գրեթե մեկ դար շարունակ պահպանում, մշակում և սերունդներին է փոխանցում հսկայական փաստական նյութ՝ հնարավորություն ընձեռելով հանրապետության երկրաբանական կառուցվածքի և ընդերքի հարստությունների վերաբերյալ տեսական պատկերացում կազմելու:
Ողջույնի ու շնորհավորական խոսքից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալագրեր է հանձել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների՝ երկարամյա և նվիրված աշխատանքի համար։
Միջոցառման ավարտից հետո նախարարն այցելել է երկրաբանական թանգարան։