ԻՐԱՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է. ԽԱՄԵՆԵԻ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ Իրաքի անվտանգությունն առաջնահերթություն է Իսլամական Հանրապետության համար։
«Իրաքի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է: Մեզ ավելի մեծ միասնություն և համերաշխություն են հարկավոր»,- ասել է Խամենեին: Իրաքի վարչապետն էլ երախտագիտություն է հայտնել իրանական կողմին ահաբեկչության դեմ պայքարում Բաղդադին ցուցաբերած աջակցության համար և ընդգծել այդ ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Ալ Սուդանին նաև դատապարտել է երկիրը հարևան պետություններին դեմ հարձակումների հարթակ դարձնելու փորձերը։
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՌԱՅԴԵՐ
Սիրիայի հյուսիսում թուրքական ավիահարվածների ֆոնին ԱՄՆ-ն ավելի քիչ է պարեկություն կազմակերպում՝ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։ Նա, սակայն, հավելել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը շարունակվում է:
«Մենք մեր զինվորականներին չենք վերատեղակայել: Մեծ ուշադրություն ենք դարձնում «Իսլամական պետություն» խմբավորմանը և նրանցից բխող սպառնալիքների դեմ պայքարին, այնպես որ, մեր կարողությունների կրճատման մասին խոսք լինել չի կարող»,- ասել է Ռայդերը։
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Հուլուսի Աքարի շփումը։ «Վաշինգտոնը կանոնավոր կապի մեջ է թուրք գործընկերների հետ»,- հավելել է Ռայդերը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ 1 ՏՐԼՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմից հետո երկրի վերականգնման համար կպահանջվի ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Նրա խոսքով՝ մշակվում է հատուկ համակարգ, որը գործընկեր երկրներին թույլ կտա ընտրել առանձին շրջաններ, քաղաքներ կամ ձեռնարկություններ և վերակառուցել դրանք:
«Արդեն հետաքրքրություն են հայտնել Ֆրանսիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և այլ երկրներ»,- հավելել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը խոսել է նաև ռազմական վերջին զարգացումներից: Նրա խոսքով՝ իրավիճակը առաջնագծում դեռևս բարդ է, քանի որ, չնայած մեծ կորուստներին, ռուսական ուժերը փորձում են առաջ գնալ Դոնբասի և Խարկովի ուղղությամբ։
Նրանք ինչ-որ բան են ծրագրում հարավում»,- հավելել է Զելենսկին։
ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Երեկ Բուխարեստում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը, որի շրջանակում հանդիպել են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարները: Եռակողմ հանդիպումից հետո Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը լրագրողների հետ զրույցում չի հաստատել, որ Ստոկհոլմը կավարտի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացները 2023 թվականին: Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու արձանագրությունը, երբ կատարվեն Մադրիդյան հուշագրի բոլոր պայմանները: Անկարան, մասնավորապես, Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջում է կատարել ահաբեկչության դեմ պայքարում թուրքական կողմի պահանջները և արտահանձնել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներին: Բիլստրյոմը հավելել է՝ «իրականում շատ լավ եռակողմ հանդիպում ունեցանք: Առաջընթաց կա։