Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից Ուկրաինան կորցրել է ավելի քան 100 հազար զինվոր և ավելի քան 20.000 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։
Ֆոն դեր Լայենը Միջազգային քրեական դատարանին առաջարկել է ՄԱԿ-ի աջակցությամբ ստեղծել մասնագիտացված դատարան՝ Ուկրաինայում «Ռուսաստանի հանցագործությունները» հետաքննելու համար։ Նա նաև հայտարարել է, որ հակամարտությունից Ուկրաինայի վնասը 385-ից հասել է 600 միլիարդ եվրոյի:
Ի պատասխան զոհերի թվի մասին Ֆոն դեր Լայենի հայտարարության՝ Ուկրաինայի բանակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բոգդան Սենիկն ասել է, որ ուկրաինական կողմի զոհերի մասին տեղեկատվությունը ծառայողական գաղտնիք է, և հրապարակման ենթակա չէ:
Ավելի ուշ Եվրահանձնաժողովի ղեկավարի գրավոր ու տեսագրված հայտարարությունից ամբողջությամբ հանվել է մահացածների ու վիրավորների թվի մասին պարբերությունը։