Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանին և ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին:
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության երաշխավորման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման գործում Եվրոպայի խորհրդի գործունեությունը։ Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումները՝ միտված հանրային վստահության ամրապնդմանը։
Հանդիպմանը կարևորվել են համատեղ միջոցառումները՝ ուղղված դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։ Հատուկ կարևորվել է մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը:
Գլխավոր դատախազի տեղակալն ընդգծել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը և այդ հարցում շեշտել միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը:
ԵԽ ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը Դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Գլխավոր դատախազի տեղակալը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նախանշել են հետագա համագործակցության ուղղությունները և փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: