Նոյեմբերի 24-26-ին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի թեմի և Wines of Armenia GmbH-ի հետ համատեղ, կազմակերպել են «Գինու մշակույթը Հայաստանում. Նոյից մինչ այսօր» միջոցառումների շարքը Շտուտգարտում (նոյեմբերի 24), Քյոլնում (նոյեմբերի 25) և Բեռլինում (նոյեմբերի 26):
Միջոցառումների նպատակն էր Գերմանիայի հայ համայնքին ներկայացնել հայկական գինեգործության հարուստ մշակույթը, ներկայում տեղի ունեցող վերածնունդը և գինեգործության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես հայկական գինիների ուղիղ վաճառքի հարթակը և ԵՄ-ում գործող գինիների միասնական պահեստը:
Միջոցառումների ընթացքում ներկայացվել են հայկական գինեգործությունն ու գինու մշակույթը՝ շնորհանդեսի և կարճ տեսահոլովակի միջոցով, ինչպես նաև հնչել են երաժշտական կատարումներ: Այնուհետև տեղի է ունեցել հայկական գինիների համտես-վաճառք:
Միջոցառմանը մասնակցել են Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, հայ և գերմանացի հոգևոր և գործարար համայնքի ներկայացուցիչներ: