Արաբկիրի մանկապարտեզներից երկուսը հիմնանորոգվում, մեկն էլ շուտով զրոյից կվերակառուցվի: Այս պահին վարչական շրջանի գործող 11 մանկապարտեզ այցելում է մոտ 1850 երեխա: Վերակառուցումից հետո այս թիվը կավելանա ավելի քան 400-ով: Այս ծրագրերի համար քաղաքապետարանի և վարկային միջոցներով հատկացվել է մոտ 660 միլիոն դրամ, իսկ էներգախնայողության և սեյսմիկ պաշտպանության վրա ծախսված գումարի 20 տոկոսը կհատկացնի ՄԱԿ-ը:
Գեղամ Կարապետյան (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Այս մանկապարտեզները նախ առաջնահերթ վատ վիճակում էին, երկրորդը՝ իրենց դիրքով և հնարավորությամբ համապատասխանում էին միջազգային կառույցի՝ ՄԱԿ-ի շրջանակներում է վերակառուցվում, էն շրջանակներին, որոնք որ պահանջված են, այսինքն՝ ջերմամեկուսացման հնարավորություն, արևային էներգիայի կիրառություն, հոսանքի, ջրամատակարարման խնայողություն: Մասնագետներն ուսումնասիրել և ներառել են տվյալ մանկապարտեզները:
Առաջնահերթ լուծվել է սեյսմիկ պաշտպանության հարցը: Ամբողջովին կփոխվի մանկապարտեզների գույքը, կբարեկարգվեն նաև բակային տարածքները: «Առանց որակն ապահովելու մանկապարտեզները շահագործման չեն հանձնվի»,- վստահեցնում է քաղաքապետարանի շինվարչության պետի պաշտոնակատարը:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար) - Ջերմամեկուսացման շերտերով է պատվելու նաև տանիքը, երկշերտ ջերմամեկուսացման խնդիր ենք առաջ բերելու և արևային պանելների միջոցով ստանալու ենք կանաչ էներգիա: Չնայած շինարարությունը մի քիչ դանդաղ կերպով է ընթանում, բայց մինչև մայիս պետք է երկու մանկապարտեզներն էլ հանձնենք շահագործման:
Օրեցօր ավելացող նորակառույցները ենթադրում են նաև նոր ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և ոչ միայն: Ամիսներով, իսկ հաճախ՝ տարիներով քաղաքացիները հերթի տակ սպասում էին, որ երեխաներին մանկապարտեզ ուղարկելու հնարավորություն ստեղծվեր: Շուտով «Երազ» թաղամասին հարակից տարածքում՝ Քանաքեռ-ՀԷԿ-ի 24-րդ մանկապարտեզը կքանդվի, տիպային եղանակով նորը կկառուցվի: Ծրագիրը նախագծման փուլում է, շինարարությունը կմեկնարկի 2023-ին:
Գեղամ Կարապետյան - Երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, հետևաբար էդ սկզբունքով առաջնորդվելով՝ մենք էսօր ունենք շատ խնդիրներ: Չեմ կարող ասել մանկապարտեզների վերանորոգմամբ, նոր մանկապարտեզի շենքի կառուցմամբ մենք այդ բոլոր հարցերը կլուծենք, բայց ահագին կթեթևանա:
Արաբկիրի թե՛ 22-րդ, թե՛ 23-րդ մանկապարտեզները տասնամյակների ընթացքում միայն մասնակիորեն են վերանորգվել: Վերանորոգումից հետո այս մանկապարտեզները կգործեն 7 խմբով, յուրաքանչյուրում ավելի քան 220 երեխա նախադպրոցական կրթություն կստանա:
Աստղիկ Հովիկյան (Երևանի 23-րդ մանկապարտեզի տնօրեն) - Թե՛ ջրահեռացման համակարգում, թե՛ ջրամատակարարման, ջեռուցման համակարգում, այո՛, բոլոր բնագավառներում մշտապես խնդիրներ էին առաջանում, իսկ սա համակարգային լուծում կտա այն բոլոր հարցերին և խնդիրներին, որոնք նախկինում եղել են:
Այս պահին միայն Երևանում 23 մանկապարտեզ է նորոգվում և հիմնանորոգվում: Դրանց մեծ մասը մինչև դեկտեմբեր կհանձնվի շահագործման, մյուսները դռները կբացեն հաջորդ տարվա գարնանը: