Դեռևս վաղ է քննարկել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև գազային միության գաղափարի բովանդակությունը, այն պետք է ուշադիր ուսումնասիրեն մասնագետները՝ կարծում է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Գազային միության բովանդակությունը դեռ վաղ է քննարկել, քանի որ առայժմ դա գաղափար է: Դիվանագիտության մեջ շատ մտքեր են հնչում, ուստի դրանք պետք է արժանանան մասնագետների ուշադրությանը մինչև այս կամ այն պետական որոշում կայացնելը»,- ասել է Վասիլենկոն:
Նա հավելել է, որ որևէ որոշում ընդունելուց առաջ տվյալ գաղափարն ուսումնասիրում են երկրի նախագահն ու փորձագետները:
Միաժամանակ, խոսելով հակառուսական պատժամիջոցների ֆոնին հնարավոր ռիսկերի մասին, փոխնախարարը նշել է, որ Ղազախստանում ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի խնդիրն է կանխել պատժամիջոցների բացասական ազդեցությունը Ղազախստանի տնտեսության վրա, ինչպես նաև կանխել Ղազախստանի տարածքի օգտագործումը պատժամիջոցները շրջանցելու համար։
Անցած երկուշաբթի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Ուզբեկստանի եռակողմ միություն ստեղծելու առաջարկի մասին, այդ թվում՝ գազի ոլորտում խնդիրները լուծելու համար։