Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը:
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը արգասաբեր աշխատանք է մաղթել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի ներուժ, որը կիրառելու համար ջանքեր պետք է գործադրվեն:
Նախագահը կարևորել է Հայաստանի և Չիլիի միջև միջկառավարական և միջգերատեսչական շփումները՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գինեգործության բնագավառներում լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-չիլիական բազմաշերտ համագործակցության համար և իր օրակարգում են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները:
Վերջիններիս շրջանակում, դեսպանի խոսքով, նախատեսվում են հայկական կողմի հետ անցկացնել քաղաքական և միջգերատեսչական խորհրդակցություններ՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու համար:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:
Դեսպան Էսկոբարը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը, շեշտել է, որ Չիլին միանշանակ կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերի և փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունների վերաբերյալ: