«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը լքում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը և հրաժարվում մանդատներից.
«Որոշումը երկար քննարկումների ու խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է»։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, իսկ Զեմֆիրա Միրզոևան, որ խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը` կշարունակի պատգամավորական գործունեությունը։
«Կուսակցության ներկայացուցիչներն արել են առավելագույնը՝ ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհներ փնտրելու ուղղությամբ։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- հայտնում են կուսակցությունից:
2022 թվականի ապրիլի սկզբից խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին նիստերը. նրանք ցույցեր էին իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Փողոցային պայքարից ու տևական բոյկոտից հետո «Հայաստան» խմբակցությունը, այնուամենայնիվ, որոշեց վերադառնալ խորհրդարան, բայց այդ հարցի շուրջ դաշինքի ու դրան մաս կազմող կուսակցության ներսում հակասություններ կային: Օրինակ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը վերադարձան նիստերի դահլիճ, իսկ նույն կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու մյուս կուսակիցները՝ ոչ:
Արդյունքում՝ նոյեմբերի 24-ին Աննա Գրիգորյանը հայտարարել էր՝ Սյունիքը ներկայացնող պատգամավորները՝ նա և Արթուր Սարգսյանը, դուրս են եկել Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից, բայց շարունակելու են գործունեությունը արդեն որպես «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Կուսակցության շարքերը լքեց նաև Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Քաղաքական ուժը տարածած հայտարարության մեջ նաև կուսակցության՝ նախընտրական ցուցակում ներկայացված մյուս անդամներին է անդրադարձել՝ եթե վերցնեն պատգամավորական մանդատը, պարտավորվում են լքել կուսակցության շարքերը: Իսկ ինչ վերաբերում է կուսակցության հետագա գործունեությանը, ապա, ըստ հայտարարության, շարունակելու են պայքարը ընդդիմադիր դաշտում:
«Հայաստան» խմբակցությունից նշում են՝ տեղյակ են եղել այդ որոշմանը, գործընկերների հետ ունեցել են անկեղծ քննարկում:
Ի դեպ, նոյեմբերի 25-ին պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արամ Վարդևանյանը: Մինչև այդ մանդատներից հրաժարվել էին Արթուր Ղազինյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը: Եթե մեկշաբաթյա ժամկետում պատգամավորներներն իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմումները հետ չվերցնեն, նրանց կփոխարինեն «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարները՝ բժիշկ Ռիմա Ղազարյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, դաշնակցական Մհեր Սահակյանը և Վահե Հակոբյանի կնոջ քույրը՝ Մարիա Պետրոսյանը:
«Լուրերի» հետ զրույցում Ռիմա Ղազարյանն ու Մհեր Սահակյանը նշեցին՝ մանդատները վերցնելու որոշում դեռ չունեն, իսկ Մելքոնյանի դիրքորոշումը պարզել չկարողացանք՝ զանգերն անպատասխան մնացին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան