«ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» 2-ՐԴ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ 2023-Ի ՄԱՐՏԻՆ
Վաշինգտոնը 2023 թվականի մարտի վերջին կանցկացնի «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը՝ քննարկելու այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում, ինչպես նաև ավտոկրատական ռեժիմներին դիմակայելու ուղիները։ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ գագաթնաժողովին կմիանան նոր մասնակիցներ՝ Կոստա Ռիկան, Նիդերլանդները, Հարավային Կորեան և Զամբիան։
«Գագաթնաժողովը կմեկտեղի համաշխարհային առաջնորդներին առցանց ձևաչափով, դրան կհետևեն դեմ առ դեմ հանդիպումներ նախաձեռնության մասնակից երկրներում՝ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- մանրամասնել է Ժան-Պիեռը։
«Հանուն ժողովրդավարության» առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին: Երկօրյա միջոցառմանը մասնակցել են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ: Առցանց ձևաչափով հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ադրբեջանը և Թուրքիան հրավիրված երկրների ցանկում չեն եղել:
ԻՐԱՆ-ԵԱՏՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հետ կապված իրավական հարցերը կարող են վերջնականացվել մեկ ամսվա ընթացքում։ Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի ընթացքում Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Ալիրեզ Փեյմանփաքը նշել է, որ այդ քայլը դրական ազդեցություն կունենա ԵԱՏՄ համատեղ գործակցության վրա: Նրա խոսքով՝ Թեհրանն այդ նպատակով պատրաստ է տրամադրել երկրի հարավային նավահանգիստները։ Ֆորումի շրջանակում իրանական և ռուսական կողմերը նաև «Ռուսաստան-Իրան գործարար խորհրդի ստեղծման մասին» հուշագիր են ստորագրել։
ԱՄՆ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵԼԻԵՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՔԱՆՍՈՆԻ ՀԵՏ
ԱՄՆ այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը հանդիպել է ԱՄՆ ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դենիել Հոքանսոնի հետ: Կողմերը քննարկել են Օկլահոմա նահանգի հետ համագործակցության ծրագրի շրջանակում ռազմական գործակցության հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻՆ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինային հասցված վնասը: Նրա խոսքով՝ այդ թիվն արդեն հատում է 600 միլիարդ եվրոն։ Լայենը խոստացել է՝ Եվրահանձնաժողովը գործընկերների հետ կապահովի, որ Ռուսաստանը վճարի Ուկրաինայում ավերածությունների համար: Նրա խոսքով՝ այդ նպատակին կարող են ծառայել ռուս օլիգարխների և Ռուսաստանի կենտրոնական բանկի սառեցված ակտիվները։
Եվրահանձնաժողովի ղեկավարը տեղեկացրել է, որ Եվրամիությունն աշխատում է մասնագիտացված դատարանի ստեղծման ուղղությամբ, որը կզբաղվի Ուկրաինայի դեմ ռուսական ուժերի հանցագործությունների ուսումնասիրությամբ։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը թվիթերյան ուղերձում անդրադարձել է նաև Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին, հայտնել՝ Եվրամիության տվյալով՝ ռազմական գործողություններից ի վեր զոհվել է ավելի քան 100 հազար ուկրաինացի զինվորական և 20 հազարից ավելի խաղաղ բնակիչ։ Ավելի ուշ հրապարակումը հեռացվել է սոցիալական հարթակից. փոխարենը տեղադրվել է վերախմբագրված տեսանյութը՝ առանց կորուստների մասին տվյալների:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է ուկրաինական կողմի կորուստների մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը:
«Մենք չենք կարող հաստատել Ֆոն դեր Լայենի հայտարարությունը: Ուկրաինական բանակի կորուստների թիվը կարող են բարձրաձայնել միայն գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգի Նիկիֆորովը: