Նոյեմբերի 28-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է UNHCR Armenia Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։
Հանդիպման ընթացքում Ալմազ Բուրկուտովը ներկայացրել է ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել է Վայոց ձորի մարզպետարանի հետ ներկա և հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ կատարելով սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։
Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ՓԳՀ-ի պատվիրակությանը Վայոց ձորի մարզում իրականացված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի համար, մարզպետ Արարատ Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի ընդարձակել իրականացվող ծրագրերի աշխարհագրությունը։
Բարձր գնահատելով կառույցների միջև շարունակական համագործակցությունը, Ալմազ Բուրկուտովն իր հերթին վստահեցրել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ կլինեն Վայոց ձորի մարզպետարանի պատասխանատուների հետ՝ ներդրվող մարդասիրական ծրագրերն առավել հասցեական և արդյունավետ իրականացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով խորացնել հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի։