Սեպտեմբերի 13-14-ի սահմանային էսկալացիայից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն այսօրվա դրությամբ ավելացել է ևս 183-ով: Այս դեպքում խոսքը մարտական բախումների ժամանակ զոհված զինծառայողների մասին է՝ ասում է հիմնադրամի տնօրենը, հավելում՝ 183-ից վերջին 8-ի հայտն առավոտյան են հաստատել, նրանց ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Կարինե Սարգսյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն) - ՊՆ-ն մուտք է անում դիմումները, որ անմիջապես գալիս են մեզ մոտ էլեկտրոնային եղանակով, մեր հատուցումների թիմը դիմումները նայում է, դրանք հաստատում են անցնում, հաստատվելուց հետո անմիջապես բանկում հաշիվներ են բացվում շահառուների համար, կոնկրետ այս 8 դեպքի համար հաշիվներ են բացվում, ու մաքսիմում 3 օրվա ընթացքում վճարումները կատարվում են, և մեր շահառուները տեղեկացվում են դրա մասին:
Շահառուների դիմումները երբեմն ուշ են հիմնադրամ հասնում, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը ուշ են ներկայացվում պաշտպանական գերատեսչություն՝ բացատրում է Սարգսյանը: Տնօրենը չի բացառում, որ սեպտեմբերյան արյունալի բախումների հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողներից, նրանց հարազատներից նոր դիմումներ էլ ստանան: Մարդկային կորուստների վերջնական թվեր դեռ չեն հրապարակվել, բայց վերջին տվյալով, որը նաև ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետ Փաշինյանը հնչեցրեց, զոհերը և անհետ կորածները գերազանցում են 207-ը:
Կարինե Սարգսյան - Զոհված և անհայտ կորած, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մեր շահառուներին նախնական մենք վճարում ենք միանվագ գումար, որը մոտ 10 միլիոնի կարգի է՝ կախված զորակազմից, ու հետո ամսական գումարներ, դա կարող է լինի 200-300 հազար դրամ, ինչպես նաև երեխաների համար լրացուցիչ գումարներ, իսկ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող մարդկանց` 5 միլիոն դրամ, և նորից ամսական գումարներ` 20 տարվա կտրվածքով:
Հիմնադրման օրվանից՝ 2017-ից մինչև այս պահը, հիմնադրամը 5051 շահառու ունի, որից 4223-ը` զոհված, 206-ը` անհայտ բացակայող, 144-ը` առաջին, 48-ն էլ` երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներն են: 2017-ից մինչև այսօր կատարված հատուցումները գերազանցում են 69 միլիարդը, իսկ հիմնադրամի բյուջեն՝ 96 միլիարդը: Տնօրենը վստահեցնում է՝ ֆինանսական խնդիրներ չունեն, պարտադիր վճարները բավարար են պետության ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Նվիրաբերությունների քանակը կտրուկ մեծացել էր հատկապես 44-օրյա պատերազմից հետո, բայց հիմա այն ընդամենը 1 տոկոսն է կազմում՝ նկատում է Սարգսյանը: Փոքրիկ աճ եղավ նաև սեպտեմբերյան դեպքերին հաջորդող շրջանում, իսկ նվիրատվությունների 90 տոկոսից ավելին Հայաստանից է փոխանցվում: Առաջիկայում հիմնադրամում մտադիր են իրազեկման արշավներ իրականացնել՝ կոչ անելով հասարակությանը, նաև սփյուռքի մեր հայրենակիցներին` դառնալ մարտական գործողությունների ժամանակ զոհված ու առողջությունը կորցրած զինծառայողների, նրանց ընտանիքների ֆինանսական ապահովության երաշխավորներից մեկը: