«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչև 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաև այլ հաստատություններում, ինչպես նաև հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին նշանակելու և աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները:
Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում է կատարել ութ փոփոխություն, խմբագրվում են որոշ դրույթներ: Հստակեցվում է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների նպատակով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող դրույթը:
ԱԺ պատգամավորի հավաստմամբ՝ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է կրթական գործընթացը դյուրին կազմակերպելը:
Հարակից զեկուցող ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել օրենսդիրների հետ համատեղ գործակցության վերաբերյալ և փաստել, որ ընդհանուր առմամբ Կառավարությունը դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները:
Նշվել է, որ գործադիրը ներկայացրել է նաև մի շարք բովանդակային և խմբագրական դիտարկումներ: Ըստ փոխնախարարի՝ վարչական աշխատողը պետք է զբաղվի իր հիմնական աշխատանքով, իսկ դասավանդել կարող է միայն անհրաժեշտության դեպքում:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համատեղ քննարկել ու ճշգրտել որոշ հարցեր:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում: