ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը 2022 թվականի նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 16-րդ նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են Ժողովրդական լավ կառավարման սկզբունքների և խորհրդակցական ժողովրդավարության վերաբերյալ փաստաթղթերի մի շարք նախագծեր, հաստատվել է Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային պլանը։
ԵԽ անդամ երկրների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում ժողովրդավարական կառավարման խթանման վերաբերյալ։
Վաչե Տերտերյանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել ՀՀ տեղական ինքնակառավարման բարեփոխումների ընթացքը, վարչատարածքային բարեփոխումները, մասնակցային ժողովրդավարության բարելավմանն ուղղված ու անդրսահմանային համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները։ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեն (CDDG) կարևորել է Հայաստանում իրականացվող տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները, համագործակցությունը ԵԽ-ի հետ և բարեփոխումների հաստատակամությունն ու շարունակականությունը։ Հատկապես գնահատվել է անդրսահմանային համագործակցության նախաձեռնությունը Հայաստանի և Վրաստանի միջև։
Որպես լավագույն օրինակ մատնանշվել է «Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան», որը հնարավորություն է ընձեռել ակտիվացնել շփումները Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ նպաստելով անդրսահմանային համագործակցության ամրապնդմանը։ Հաստատվել է նաև «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում, 2-րդ փուլ» (2022-2025 թթ.) ծրագիրը: