ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հիշեցրել է, որ նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված ՀՀ զինված ուժերի
13 զինծառայողի դիեր։
«Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները) 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի (Ագրեսիան) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։
Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- գրել է Աբրահամյանը: